Armtimes.com-ը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին՝ տնային մահացությունների դեպքերում մարդու կյանքի դեմ ուղղված ոտնձգությունների չհայտնաբերման կամ ոչ լիարժեք բացահայտման հանգեցնող գործոնների վերացման նպատակով փոփոխություններ կատարել դատաբժշկական փորձաքննությունների եւ ախտաբանաանատոմիական հերձումների կազմակերպման գործընթացում:

ՀՀ դատախազությունն ուսումնասիրություն է կատարել Հայաստանում տնային մահացությունների ոլորտում՝ հանգելով այն եզրակացության, որ քրեական վարույթի շրջանակներում ստուգում պահանջող որոշ դեպքեր դուրս են մնում իրավապահ մարմինների տեսադաշտից:

Ախտաբանաանատոմիական հաստատությունում դիահերձումն իրականացնող լիցենզավորված մասնագետները դատաբժշկական բնագավառի մասնագետներ չեն հանդիսանում եւ չեն կարող դիահերձման արդյունքում անհրաժեշտ արդյունավետությամբ հայտնաբերել ենթադրյալ հանցագործության մասին վկայող հետքեր: Չնայած ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգով որոշակի առումով նախատեսված է հերձման ընթացքում առերեւույթ հանցագործության հետքեր հայտնաբերելիս համապատասխան միջոցների ձեռնարկման ընթացակարգ, սակայն ոլորտը կարգավորող նորմերի կիրառումը լիարժեք չի ապահովում դիահերձման ընթացքում հանցագործությունների հետքերի հայտնաբերման անհրաժեշտ պայմաններ:

Ավելին, ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ոչ բոլոր տարածքներում  են ապահովված ախտաբանաանատոմիական հերձումների համար անհրաժեշտ պայմաններ: Բացի այդ, թեեւ տվյալ կարգը չի նախատեսում հերձումից մասնակի հրաժարման հնարավորություն, սակայն գործնականում պարզվել են նման դեպքեր: Մասնավորապես՝ արձանագրվել է դեպք, երբ հարազատի դիմումի հիման վրա չի հերձվել դիակի գլուխը, ինչը հետագայում խոչընդոտ է առաջացրել քրեական վարույթի ընթացքում դեպքի իրական հանգամանքները պարզելու հարցում: Արդյունքում ձեռք չի բերվել գործի համար կարեւոր նշանակություն ունեցող ապացույցը, առանց որի չի կարող հաստատված համարվել մահվան պատճառը, առողջությանը հասցված վնասի ծանրության աստիճանը եւ պատճառման մեխանիզմը: Ներկայիս կարգավորման պայմաններում մահվան փաստը հաստատող հաստատությունը կամ դիակային բրիգադը ՀՀ ոչ բոլոր տարածքներում են հագեցված համապատասխան ձեռնահաս մասնագետով եւ սարքավորումներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել