«Հրապարակի» կայքում հոկտեմբերի 23-ին տեղադրված իմ անձին առնչվող Ձեր (ենթադրում եմ՝ Ձեր, քանի որ ստորագրություն չտեսա) բացատրություն-մեկնաբանությունն ավարտել եք ողջունելի ցանկությամբ. «Սա իսկապես տհաճ և ցավալի իրողություն էր, և հուսով ենք՝ այլևս առիթ չենք ունենա անդրադառնալ այս հարցին»:
Լավ, բայց այդ դեպքում հարկ չկար ընթերցողներին մոլորության մեջ գցելու: Այնպես որ, հարկադրված եմ հարցեր տալ։
ՀԱՐՑ Ա.
Մեջբերում. «Ինչ վերաբերում է նրան, թե ռեկտորը չի ընդունում քննադատություններ, ապա, ինչպես արդեն նշեցինք, սա չի համապատասխանում իրականությանը, ինչի մասին վկայում է հենց պարոն Միրզոյանի նկատմամբ ցուցաբերված բարյացակամ վերաբերմունքը: Անհրաժեշտության դեպքում կարող ենք ներկայացնել նման վերաբերմունքի մասին վկայող փաստեր՝ կապված նրա՝ գործուղումներ մեկնելու, գիտահետազոտական նախաձեռնություններում, խմբագրական աշխատանքներում ներգրավվելու մասին»: 
ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐ... Հո չի˜ հնչում: Այս բառը ենթադրում է ճանապարհածախս, օրապահիկ, գիշերակացի վճար, մինչդեռ երկու անգամ մեկնել եմ Գերմանիա ԲՈՒԺՄԱՆ նպատակով, երկու անգամ էլ՝ ԻՄ ԾԱԽՍՈՎ: Դասերից բացակայությունս փոխարինել են ամբիոնի գործընկերներս (փոխադարձաբար միմյանց լրացրել ենք): Ոչ մի ձախողում չի եղել: Ճիշտ է, առաջին անգամ պահպանվել է իմ աշխատավարձը (ձևակերպվել է աշխատանք Շտուտգարտի գրադարանում, ինչը ես իսկապես համատեղել եմ և ինչի մասին համապատասխան հաշվետվություն եմ ներկայացրել), երկրորդ անգամ՝ բացակայության օրերիս համար չեմ վարձատրվել: Սա՛ է իրողությունը: Այլ, այսպես կոչված, «գործուղում» չի եղել: Հիմա ի՞նչն եք երեսովս տալիս: Ընդամենը ուզում եք մոլորեցնել անտեղյակ ընթերցողին, թե՝ բա գիտե՞ք գործուղումների մասին...
ՄՅՈՒՍ ՀԱՐՑԵՐԸ՝ ՀԱՋՈՐԴԻՎ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել