«Փորձագետները շարունակում են քննարկել ռուսական նոր «ռազմական վարկի» նշանակու­թյունն ու նպատակները: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 12-ին ՀՀ կառավարությունը հաստատել է ՌԴ-ից նոր «ռազմական վարկ» վերց­նելու համաձայնագրի նախագի­ծը, ըստ որի՝ ՀՀ-ին արտոնյալ պայմաններով կտրամադրվի 100 միլիոն դոլարի վարկ՝ ՌԴ-ից ժա­մանակակից սպառազինություն և զինտեխնիկա գնելու նպատա­կով:
 
ՀՀ-ն վարկն օգտագործելու է 2018- 2022 թթ., իսկ վարկի մարումը պետք է կատարվի 2023 թվականից՝ տարե­կան 3 տոկոս տոկոսադրույքով: Ռազմատեխնիկական համագոր­ծակցությանը վերաբերող նախորդ վարկային համաձայնագիրը (200 միլիոն դոլարի չափով) ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ստորագրվել էր 2015թ. հունի­սին:
 
Հայաստանը բալանսի խնդիր չունի: Ի՞նչ խնդիրներ է հայկական ԶՈւ-ն լուծելու ռուսական զենքի նոր խմբա­քանակի միջոցով, և նկատի ունե­նալով նույն ՌԴ-ից և մի քանի այլ երկրներից միլիարդավոր դոլարնե­րի արժողության զենքի ձեռքբերումը Ադրբեջանի կողմից՝ որքանո՞վ է վարկային նոր համաձայնագիրը նպաստելու Հայաստանի և Ադրբե­ջանի միջև ռազմական ուժերի հա­վասարակշռության վերականգնմանը կամ պահպանմանը: Մեկնաբա­նելով հարցը՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանն իր առջև խնդիր չի դրել՝ վերականգնե­լու ռազմական ուժերի հավասա­րակշռությունը Ադրբեջանի հետ:
 
«Մենք ունենք անհրաժեշտ բոլոր զինատեսակներն ու ներուժը Ադրբեջանի հնարավոր ռազմական ագ­րեսիան զսպելու համար: Դրա ապացույցներից մեկն էլ ապրիլյան իրադարձություններն էին. տեսանք, որ Արցախի Զինված ուժերը կարողացան արժանի հակահարված տալ և հետ մղել հակառակորդին: Մյուս կողմից էլ՝ հասկանալի է, որ ընդհանուր առմամբ սպառնալիք­ները Հարավային Կովկասում շատ են և դրանք չեն բխում միայն Ադրբեջանից կամ Ադրբեջանի իշխա­նություններից: Ե՛վ մեր, և՛  հարա­կից տարածաշրջաններում այնպի­սի գործընթացներ են տեղի ունենում, որոնք ստիպում են շատ ավելի աչալուրջ և պատրաստ լինել հնարավոր սպառնալիքներին: Ինչ վե­րաբերում է հարցին, թե ինչ սպա­ռազինություն Հայաստանը կարող է ձեռք բերել նոր վարկային համաձայնագրով, ապա որևէ տվյալ կոնկրետ զինատեսակների մասին առայժմ չկա, բայց պարզ է, որ 100 միլիոն դոլարը լուրջ ձեռքբերումնե­րի հնարավորություն է տալիս: Հայկական կողմը կարող է գնել և՛ պաշտպանական, և՛ հարձակողա­կան զինատեսակներ»,- մեկնաբա­նեց քաղաքագետը:
 
Մեր զրուցակցի գնահատմամբ՝ ռազմաքաղաքական առումով զեն­քի նոր խմբաքանակի ձեռքբերման նպատակն առաջին հերթին թուրք-ադրբեջանական ագրեսիան զսպելն է, իսկ ընդհանուր առմամբ այս վար­կը հայկական կողմին անհրաժեշտ է անվտանգության գործոնը Հարավային Կովկասում ամրապնդելու և ավելի կայուն դարձնելու համար: Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ մենք չպետք է բավարարվենք այն մտքով, որ ՀՀ-ն ավելի էժան գներով է զենք ստանում ՌԴ-ից, քան Ադրբեջանը, այլ փորձենք հասնել նրան, որ սահմանափակվի ռուսական զենքի մատակարարումը Ադրբեջանին, և բացի այդ՝ Ադրբեջանում չկարծեն, որ ՌԴ-ից զենք ստանալով՝ ստանում են նաև հարձակվելու իրավունք»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել