Լեգենդար Պելեն առ այսօր համարվում է ֆուտբոլի խորհրդանիշ, և նրա փառքը դեռևս ոչ մի երիտասարդ ֆուտբոլիստ չի կարողանում շրջանցել: «Երբեմն,- ասում է Պելեն,- ես արթուն պառկում եմ գիշերը ու մտածում՝ ինչու եմ ես դեռ այսքան հանրահայտ ու, անկեղծ ասած, չեմ հասկանում»:

Այսօր բրազիլացի լեգենդար հարձակվողը դարձավ 77 տարեկան: Պելեն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է 1956 թվականին, բրազիլական «Սանթոսում», որի կազմում անցկացրել է 19 մրցաշրջան՝ 1120 հանդիպումներում դառնալով 1087 գոլի հեղինակ: Այդուհետ նա տեղափոխվել է ամերիկյան «Նյու Յորք Կոսմոս», որտեղ 3 մրցաշրջանում անցկացրած 107 խաղում դարձել է ևս 64 գոլի հեղինակ:

Բրազիլիայի հավաքականում Պելեն մասնակցել է 92 հանդիպման և դարձել 77 գոլի հեղինակ:

Պելեն միակ ֆուտբոլիստն է, ով 3 անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նա ճանաչվել է 1970 թ. աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ, 1958 թ. աշխարհի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ և 1973 թ. Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ:

2304442_full-lnd

«Հաջողությունը պատահականություն չէ,- ասում է նա:- Հաջողությունն ամենից առաջ ծանր աշխատանք է, համառություն, ուսումնասիրություն, ինքնակրթություն, անձնազոհություն և, անշուշտ, սեր այն բանի հանդեպ, ինչ դու անում ես կամ սովորում ես անել»:

Հայտնի ֆուտբոլիստը շատ ժամանակ է հատկացնում ֆուտբոլի քարոզչությանն ու սպորտին: Պելեն գրել է ինքնակենսագրական՝ «Ես Պելեն եմ» գիրքը, նկարահանվել է «Փախուստ դեպի հաղթանակը» (1981) ֆիլմում: Պելեն Բրազիլիայի կրթության նախարարության կողմից արժանացել է ոսկե մեդալի, քանի որ միայն նրա մասին գրքերը կարդալու համար բրազիլացիները կարդալ էին սովորում։ Նա հայտնի է նաև որպես հեռուստամեկնաբան, հեղինակ ու սեփական երգերի կատարող, հաջողակ գործարար:

1445692709_extras_noticia_foton_7_0

Կարիերայի ընթացքում ու դրա ավարտից հետո երիտասարդ սերնդին միշտ հետաքրքել է ֆուտբոլիստի անձնական կյանքը: Բրազիլացին երկու անգամ ամուսնացած է եղել: Առաջին ամուսնության արդյունքում 2 աղջիկ ու մեկ որդի է ունեցել: Երկրորդ ամուսնությունից Պելեն 2 որդի ունի:

20-րդ դարի վերջին աշխարհի տարբեր անկյուններում անցկացրած հարցման ժամանակ 100-ից 95 մարդ ճանաչել է Պելեին: Նա այսօր էլ օրինակ է յուրաքանչյուր երիտասարդ մարզիկի համար: Նա չի դադարում գրավել ԶԼՄ-ների ուշադրությունն ու որոշ տեղեկությունների համաձայն` ռեկորդակիր է նույնիսկ ԶԼՄ-ներին տված հարցազրույցների ու լուսանկարների քանակով:

pele-6

AAEAAQAAAAAAAAV2AAAAJDQxOTVkYjgwLWFhYjUtNDYzMC04NzllLWEyYmYzMjE0NDM1NQ

 Ներկայացնում ենք հանճարեղ ֆուտբոլիստի մտքերից  ու խորհուրդներից լավագույնները.

Յուրաքանչյուր երեխա, որ ֆուտբոլ է խաղում, ուզում է Պելե լինել: Ինձ վրա մեծ պատասխանատվություն է դրված ոչ միայն ցույց տալ նրանց, թե ինչպիսին պետք է լինի ֆուտբոլիստը, այլև ինչպիսին պետք է լինի մարդը:  

Եթե դուք կառավարում եք գնդակը, դուք կառավարում եք խաղի հաշիվը:

Ես խոստովանում եմ, որ առաջնորդի դերը դժվար է, նա ստանում է ավելի շատ վնասվածք, քան տղամարդկանց մեծ մասը, և այդ վնասվածքները հիմնականում պատահական չեն լինում:

Մտածիր, որոշիր, գործիր. սա իմ սկզբունքն է եղել դաշտում:

Եթե դու առաջինն ես, ապա դու առաջինն ես: Եթե երկրորդն ես, դու ոչ ոք ես:

Որքան դժվար է տրվում հաղթանակը, այնքան մեծ կլինի դրա պարգևած երջանկությունը:

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել