Դիմագրքի իմ հարգելի բարեկամնե՛ր, 
այսօր ես ազատվել եմ Ժողինստիտուտի դասախոսի պաշտոնից: 
Նախ՝ ինձ զարմացրեց և հիացրեց ռեկտորի օպերատիվությունը. կեցցե՛ս, երիցս կեցցես Կորյուն Աթոյան: Ես դիմումը տվեցի ամսի 18-ին, 19-ին արդեն ազատմանս հրամանը տրված էր: Այ ընկեր, եթե այդպես արագ գործել գիտես, բուհի մյուս գործերն ինչո՞ւ արագ չես անում: 
Ինչի՞ց վախեցար, պրն. ռեկտոր, որ ինձ չկանչեցիր, չհարցրեցիր, թե էս ինչո՞ւ և ինչպե՞ս: Տարրական շնորհք չունեի՞ր գոնե 5 րոպե հանդիպելու, թեկուզ ձևական հաջող-մաջող ասելու: Հը՞: 
Սրտիդ կպե՞լ էր իմ քննադատական խոսքը: Բա ո՞նց չասեի (իմանալով հանդերձ, որ հանրապետականացված ուսխորհրդի լրտեսիկներդ լսում են), որ սեպտեմբերի ամբողջ ընթացքում մենք՝ դասախոսներս, և ուսանողները ուշաթափ էինք լինում շոգից, իսկ դու և պրոռեկտորներդ, օդորակիչները ձեր աշխատասենյակներում դրած, պինդ-պինդ կոստ էիք հագել: 
Չասեի՞, որ թեպետ մեր ուսանողության թիվը պակասում է, բայց վերնախավն աճում է. նախկին ռեկտորի օրոք կար 3 պրոռեկտոր, հիմա՝ 5-ը: Բա որ խոսում եմ կազմակերպության բյուրոկրատացման մասին, մեր բուհի օրինակը կարո՞ղ եմ անտեսել: 
Ուսխորհրդի մանկլավիկներիդ կանչել, առաջին կուրսի դեռ անփորձ ուսանողներից մի քանիսին իմ դեմ գործիք ես սարքել, իբր կոպիտ եմ, վիրավորում եմ ուսանողներին և այլն, և այլն: Մարդ եմ, կարող է և նյարդերս չդիմանան այս վիճակին. ուսանողը փող է տալիս և դասախոսի վրա նայում որպես նոքարի, լկտի ուսանողին չի կարելի սաստել, չսովորելու համար դուրս գցել, որովհետև փող է տալիս և այլն: 
Իսկ հիշո՞ւմ ես, պրն ռեկտոր, երբ ուսանողների հետ առաջին հանդիպման ժամանակ հարցրիր՝ տվեք լավ դասախոսի անուն, առաջինը հենց իմ անունը տվեցին: Հիմա ո՞նց եղավ, որ լավ դասախոսը վատը դարձավ: Բա քեզ չէր հետաքրքրո՞ւմ: 
Ախր բուհի ղեկավար ես, չէ՞: Թե չէ՞: Կա՞ս, թե՞ չկաս: Եթե կաս որպես բուհի ղեկավար, բա ինչո՞ւ չհարցրիր ամբիոնիս վարիչին, թե քո ամբիոնի պրոֆեսորը ինչո՞ւ է ուսումնական տարվա կեսին ազատման դիմում գրել, և վարիչը ումո՞վ է փոխարինելու չորս առարկա կարդացողին: 
Գոնե հասկանո՞ւմ ես, թե ես ինչ ծանր վիճակի մեջ եմ դրել իմ հարազատ ամբիոնին, որի անդամներին շատ սիրում և հարգում եմ, բայց էլ չէի կարող դիմանալ քո հանրապետական սադրիչների խայթոցներին: Բայց և շատ եմ ափսոփում այն լավ ուսանողներին, որոնց հետ իմ աշխատանքն ընդհատվեց: Գիտեմ, որ շատ-շատ ուսանողների վշտացրել եմ, դրա համար ինքս էլ եմ վշտացած:
Նրանցից և իմ այն գործընկերներից, որոնք ճարահատյալ դիմանում են մեր բուհի ներկա ստորացուցիչ մթնոլորտին, ներողություն եմ խնդրում. պարզապես նյարդերս արդեն չդիմացան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել