Երկար եմ մտածել, քանիցս արտահայտվել եմ, բայց ոչինչ չի փոխվում:
Այդուհանդերձ, պիտի կրկնեմ:
Այսօր Հայաստանում բուհը՝ որպես կազմակերպչական միավոր, սխալ է կառուցված, ուստի և արմատապես սխալ է գործում (ինչից էլ շահում է բուհի պորտաբույծ վերնախավը, բայց տուժում են ուսանողներն ու դասախոսները, իսկ կրթահամակարգը չի զարգանում): 
Բուհի հիմնական օղակը ամբիոնն է (պիտի լինի ամբիոնը). ամբիոնն է ընտրում և համախմբում տվյալ բնագավառի լավագույն մասնագետներին, ապահովում գիտական և մանկավարժական աշխատանքի ներդաշնակ համադրում, արդյունավետ դասավանդման մթնոլորտ, արդիականացնում ծրագրերը, նոր առարկաներ ներդնում, մենագրություններ և ժողովածուներ պատրաստում հրատարակության, վերջիվերջո, հենց թողարկող ամբիոնն է կրթում և ձևավորում այն մասնագետներին, որոնց համար էլ, փաստորեն, գոյություն ունի տվյալ բուհը: Պատահական չէ, որ նորմալ երկրներում ամբիոնն է կազմակերպում ուսումնական գործընթացը՝ վստահելով թե՛ դասախոսին, թե՛ ուսանողին, հնարավորություն է ընձեռում նրանց միմյանց ընտրելու, ընտրելու նաև համատեղ աշխատանքի և հաշվետվություն ներկայացնելու կերպը (այս առումով գոյություն չունեն մատյան, ներկա-բացակա, դիսպետչերի ստուգում, դեկանի մրթմրթոց, փոխդեկանի մուննաթ, 5 րոպե ուշանալու համար բացատրագիր, քննաթերթիկը պատահաբար սխալ լրացնելու համար արդարացում և այլն):
Ասածս ինքնին հասկանալի բան է:
Բայց ինչպիսին է հայաստանյան բուհի ներկայիս կառուցվածքը՝ բրգաձև, իշխանական կոշտ ուղղաձիգով, հար և նման խորհրդային տարիների կազմակերպական կառուցվածքներին, այսինքն՝ եթե դու վերին մակարդակում ես, ուրեմն՝ դու ավելի մեծ իշխանություն ունես, քան ստորադասը: Սա, իհարկե, արդարացի է այլ բնույթի գործունեության պարագայում (բանակ, բանտ, նախարարություն և այլն), սակայն ոչ բուհի համար, որը գիտամանկավարժական հաստատություն է, որի հիմնական՝ համակարգաստեղծ օղակը ամբիոնն է (պիտի լինի ամբիոնը): Պարզ ասած՝ հնարավո՞ր է պատկերացնել բուհն առանց ամբիոնի: 
Ամբիոնն է վճռորոշ օղակը, իսկ դեկանատը, ռեկտորատը տրամաբանորեն կոչված են սպասարկելու ամբիոնի գործունեության բոլոր ուղղությունները, այնինչ մեզանում ռեկտորն իրեն զգում է գրեթե որպես գահերեց իշխան, դեկանը՝ գահակալ իշխան, պրոռեկտորներն ու փոխդեկաններն էլ սեպուհներ են: Ի՞նչ է մնում վասալական (լճության) այս ստորին մակարդակում. ամբիոններն ու դասախոսները՝ ճորտի կարգավիճակում:
Սա է հիմնական արատը, մնացածն արդեն պաճուճանքն է՝ խարդավանքները, բամբասանքը, փոխադարձ անվստահությունը, ուսանողական խորհրդի երիտհանրապետականների ագրեսիվությունը, բուհը սեփական ազգուտակով համալրելը և այլն: Քանի դեռ չի փոխվել բուհի կառուցվածքը, ամբիոնն իրեն արժանի տեղը չի գրավել, այս տխուր պատկերը շարունակ վերարտադրվելու է, ինքներս մեզ շարունակ խաբելու ենք, թե իբր մենք կրթություն ենք տալիս, բայց իրականում բուհը դառնում է սոսկ ավարտական վկայական արտադրող հիմնարկություն: Ցավալի է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել