Երբևէ ձեզ հետաքրքրե՞լ է, թե կանանց մեջ ինչն է տղամարդկանց ամենաշատը գրավում և հրապուրում։ Դե, իհարկե, այնքան էլ հեշտ չէ այն ասել, սակայն որպես ապագա կին ընտրելու հարցում տղամարդկանց մեծ մասն ուշադրություն է դարձնում բնավորության որոշ գծերի։
Ասում են՝ լավ կինը նա է, ով ամուսնու հետ տուն ու ընտանիք է ստեղծում, ամուր և ջերմ հարաբերություններ ստեղծում։
Ահա բնավորության որոշ գծեր, որոնց առնվազն կեսի առկայության դեպքում դուք կարող եք հպարտանալ, քանի որ գտել եք հիանալի կնոջ։
Ձեր կինը կամ զուգընկերը ձեզանից խելացի է
Ավելի խելացի զուգընկեր ունենալն իրականում մեծ առավելություն է, քանի որ հարկ եղած դեպքում կարող եք վստահ լինել, որ ձեր կողքին ունեք այնպիսի մեկը, ով ի վիճակի է օգնել՝ ավելի շփոթեցնելու փոխարեն։
Նա ղեկավարվում է «անկեղծությունը լավագույն մարտավարությունն է» նշանաբանով
Անկախ հանգամանքներից՝ նա երբեք չի ստում, քանի որ գիտի՝ այն կարող է ցավեցնել ձեզ։ Բացի այդ՝ նա գիտակցում է, որ ամեն մի սուտը խաթարում է հարաբերությունների ամրությունը։
Նա ամեն ինչին լավատեսորեն է մոտենում
Միանշանակ, կարելի է ասել, որ կյանքը լի է բարձունքներով և վայրէջքներով, սակայն երբեմն իսկապես անհրաժեշտ է լինում ամեն ինչին վարդագույն ակնոցներով նայել։ Եթե ձեր կողակիցը պարբերաբար նյարդայնանալու և փնփնթալու փոխարեն ժպտում է և մտածում՝ ինչպես լուծել առաջացած խնդիրը, ապա բաց չթողնեք նրան․ նա հիանալի կին է։
Հանուն սիրո նա պատրաստ է փոխզիջումների
Հարաբերությունները նման են երկկողմանի երթևեկության համար նախատեսված նեղ ճանապարհի, որը շարունակելու համար անհրաժեշտ է երբեմն զիջումների գնալ։ Առանց փոխզիջումների իսկապես դժվար է ունենալ առողջ հարաբերություններ, մանավանդ երբ երկուսից մեկը հրաժարվում է զիջումների գնալուց և ցանկանում է իշխող դերն իր վրա վերցնել։
Նա դրական մարդ է և ձեր կյանքը խինդ ու ծիծաղով է լցնում
Նա ունի հումորի զգացում և անգամ մանրուքների մեջ կարողանում է գտնել դրականը և կենտրոնանալ միմիայն դրա վրա։ Միայն այս դեպքում հարաբերությունները կարող են բարի ու դրական մթնոլորտում լինել, ինչը նաև իրենից ենթադրում է հարաբերությունների հարատևություն․ ո՞ւմ է հաճելի ապրել մռայլ միջավայրում ամեն ինչից մշտապես դժգոհ կնոջ կողքին։
Նա լայնամիտ է
21-րդ դարում կաղապարված մտածելակերպով մեկի հետ ապրելը բոլորի համար չէ, որ տանելի է։ Ուղղակի հաճելի է, երբ կողակիցդ ունի իր սեփական կարծիքն ու տեսակետը, սակայն հարգում է նաև դիմացինինը՝ անկախ դրանց նմանություններից և տարբերություններից․ չէ՞ որ մարդիկ տարբեր են, նրանց պատկերացումները՝ նույնպես։
Նա նպատակասլաց և համառ է
Նա ունի հստակ նպատակներ և ամեն գնով հասնելու է դրանց, բացի այդ՝ երբեք չի հանձնվում և տեսակով պայքարող մարդ է։
Անհամաձայնությունների ժամանակ նա հանգիստ է և սառը գլխով է դատում
Նա ագրեսիվ չէ, չի գոռգոռում և բացատրություններ պահանջում․․․ Փոխարենը նա կարողանում է սառը գլխով դատել, հասկանալ իրավիճակն ու փորձել բանականությամբ լուծումներ գտնել։