Tert.am-ը գրում է.

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Ժնևում կայացած հանդիպումը Հայաստանի համար հետընթաց էր, Ադրբեջանի համար՝ ձեռքբերում: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: 

Նրա խոսքով՝ նախագահ Սերժ Սարգսյանն ավելի քան մեկ տարի դիմադրելուց հետո ինչ-ինչ պատճառներով հանդիպեց Իլհամ Ալիևի հետ, սակայն հանդիպել՝ պարզապես հանդիպելու համար, պետք չէր:

«Պաշտոնական Բաքուն հասավ նրան, որ չկատարելով ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները՝ պարտադրեց մեզ կրկին հանդիպել Ադրբեջանի նախագահին: Դրանով չեղարկվեցին ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ դրանք մեզ համար շատ կարևոր էին, քանի որ նախատեսում էին ստեղծել զինադադարի խախտումների բացահայտման և խախտողին պատժելու մեխանիզմներ»,- ասաց նա:

Ըստ քաղաքագետի՝ իրականության հետ աղերս չունեն հայտարարությունները, թե հանդիպումը տեղի էր ունեցել սահմանային լարվածությունը թուլացնելու համար. Ադրբեջանը վերջին շրջանում սահմանին թուլացրել է իր դիվերսիոն փորձերը, քանի որ երկու-երեք անգամ խոշոր պարտություններ կրեց՝ շնորհիվ հայկական կողմի ձեռք բերած արդի տեխնիկական միջոցների, որոնց շնորհիվ շատ արագ կարելի է բացահայտել ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձը: Համբարյանի խոսքով՝ եթե Ալիևը համոզված լիներ, որ իր կազմակերպած դիվերսիաները հաջողություն են ունենալու, հաստատ կկազմակերպեր:

Ադրբեջանական կողմի վերաբերմունքն իր համաձայնություններին, ըստ քաղաքագետի, լավագույնս երևում է կարևորագույն հանդիպումներից առաջ նրա սադրանքներում. վառ օրինակը Սոչիում ԱՊՀ գագաթաժողովից, ինչպես նաև ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման անոնսից առաջ ադրբեջանական կրակոցից հայ զինվորի սպանությունն էր:

Մեկնաբանելով նախագահի հայտարարությունը, թե «միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս»՝ քաղաքագետը նշեց, որ բոլոր պարագաներում բանակցությունների սեղանին դրված փաստաթղթում գոնե դա միշտ արձանագրվել է՝ Արցախը երբեք չպետք է ենթարկվի Բաքվին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել