Tert.am-ը գրում է.

Եվրամիություն-Հայաստան համագործակցության նոր համաձայնագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հատվածը ևս մեկ գործիք է Հայաստանի ձեռքում իր շահերը պաշտպանելու համար: Tert.am-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը՝ նշելով, որ ԵՄ-ն սպիտակի վրա սևով հաստատում է, որ ճանաչում է ԵԱՀԿ Մինսկի խումբը որպես հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ հարթակ, հայտնում են իրենց օժանդակությունը՝ հակամարտությունը խաղաղ կարգավորելու տարբերակին: Պողոսյանն ասաց, որ եթե ադրբեջանական լոբբիի արդյունքում որևէ պետություն կամ միջազգային կառույց շեղվի այս մոտեցումից, ապա Հայաստանը կարող է ամրագրված մոտեցմամբ հարց բարձրացնել, թե ինչու է այս կամ այն պետությունը կամ կառույցը շեղվում դրանից:

- Հրապարակվել է Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրի տեքստը, որը նախատեսվում է ստորագրել նոյեմբերին: Դեռևս այն ժամանակ, երբ տեքստը չէր հրապարակվել, կարծիքներ կային, որ այն չի հրապարակվում, քանի որ ստորագրման գործընթացը վտանգված է: Հիմա, երբ այն հրապարակված է, կարելի՞ է ասել, որ համաձայնագիրը կստորագրվի:

- Իրականում, փաստաթղթի նախաստորագրման օրվանից ի վեր ես ասել եմ, որ համաձայնագիրը չստորագրելու համար պատճառներ չկան: Կարծում եմ, որ թե՛ Հայաստանի իշխանությունները, թե՛ Եվրամիությունը սերտել են 2013թ.-ի դասերը, երբ ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագիրը չստորագրվեց: Ամեն դեպքում հասկանալի է, որ մարդիկ ունեն մտավախություններ, բայց կարծում եմ, որ նոյեմբերին կողմերը կստորագրեն համագործակցության մասին այս համաձայնագիրը:

Դեռևս այն ժամանակներից, երբ ես Ազգային ժողովի պատգամավոր էի, ես ներքին փակ քննարկումներում, բաց քննարկումներում առաջարկել եմ, որ հրապարակվեն գլուխները, բաժինները, որոնք համաձայնեցված են կողմերի միջև, ինչը կբարձրացնի վստահությունն այս գործընթացի նկատմամբ, հանրությունը տեղեկացված կլինի: Հիմա փաստաթուղթը հրապարակված է, կարծում եմ, որ նպատակ ունի ցույց տալ, թե ինչ կա այդ փաստաթղթում, որպեսզի սենյակում սև կատու փնտրողներ չլինեն, շահարկելու առիթներ այլևս չունենան: Փաստաթղթում ներկայացված է բարեփոխումների մեծ շրջանակ, որը մեր երկրի շահերից է բխում, նպաստում է ՀՀ զարգացմանը և մենք կլինենք մեղավորը, եթե այդ բարեփոխումները չիրականանան:

- Պարո՛ն Պողոսյան, ի՞նչ դասեր է քաղել Հայաստանը 2013թ.-ից հետո: Նկատի ունեք, որ Ռուսաստանի հետ նախապես համաձայնությո՞ւն է ձեռք բերվել ԵՄ հետ փաստաթուղթ մշակելու համար:

- Դժվար է ասել, թե ի՞նչ դասեր է քաղել Հայաստանը, արդյո՞ք դա եղել է ՌԴ հետ հարաբերությունների համատեքստում: Չեմ բացառում, որ ՌԴ-ի հետ կոնսուլտացիաներ եղել են: Ես կարծում եմ, որ երբ մարդիկ իրար հետ շփվում են, համագործակցում են, ապա պետք է հաշվի առնեն միմյանց շահերը: Մինչև 2013թ.-ի սեպտեմբերի 3-ը Հայաստանը պարբերաբար հայտարարում էր, որ «և-և»-ի քաղաքականության կողմնակից է, Եվրամիությունն էլ ասում էր՝ «կամ-կամ» պետք է որդեգրեք։ Հետո պարզվեց, որ «և-և»-ի հնարավորությունները կան: Սեպտեմբերի 4-ին, երբ նախագահի աշխատակազմի ղեկավարն էր Վիգեն Սարգսյանը, նրա կողմից եղավ հայտարարություն, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը:

Եվ պատկերացրեք, թե ի՞նչ առաջընթաց կունենայինք այս տարիներին, եթե քաղաքական բաղադրիչը ստորագրված լիներ: ԵՄ-ն փոխեց իր մոտեցումը, որ կարելի է չոր չլինեն, կարելի է համագործակցել երկուսի հետ էլ: Հնարավոր է, որ ապագայում ԵՄ-ի հետ ավելի խորը համագործակցություն ունենանք և ըստ այդմ կնքենք ավելի խորը համաձայնագիրը՝ չունենալով ԵՄ անդամակցության հարց՝ մեր առաջ դնելով Հայաստանը զարգացնելու խնդիր: Գուցե Հայաստանը դառնա Նորվեգիայի պես պետություն՝ չլինի ԵՄ անդամ, բայց լինի նման զարգացած:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել