Եմենյան քաղաք Շիբամն իզուր չեն անվանում «Մանհեթենյան անապատ»՝ ուշադրություն դարձնելով նրա յուրօրինակ ճարտարապետությանը՝ բազմաթիվ բազմահարկ բնակելի շենքեր, որոնք աշտարակերի տեսք ունեն ու իրար չափազանց մոտ են կառուցված:

Նայելով ժամանակակից բազմահարկ շինություններին՝ կարող ենք ասել, որ Շիբամը ոչ շատ վաղ ժամանակներում է կառուցվել: Սակայն իրականում այս քաղաքը՝ հիմնված շուրջ 2000 տարի առաջ, իրենից ներկայացնում է ուղղահայաց շինարարություն ունեցող հնագույն օրինակը:

Առաջին անգամ այս քաղաքում մարդիկ բնակություն են հաստատել մ.թ.ա. 5-րդ դարում: Մեր թվարկության սկզբում այստեղ մեծ տեմպերով մեծանում էր բնակչության թիվը: Շիբամի աշխարհագրական դիրքը շատ վտանգավոր էր. քաղաքը մշտապես գտնվում էր տարբեր պատերազմների էպիկենտրոնում, կառավարիչների ձեռքից ձեռք էր անցնում և մի քանի անգամ դարձել է պետության մայրաքաղաք:

Մշտական վտանգի պատճառով բնակիչները սկսեցին քաղաքի շուրջ բարձր պատեր կառուցել: 17-րդ դարում Շիբամի բնակչության թիվն այնքան էր մեծացել, որ քաղաքային պատերի ներսում այլևս տեղ չկար բնակության համար, իսկ հուսալի պարիսպներից դուրս ոչ ոք չէր ցանկանում ապրել: Հենց այս պատճառով էլ մարդիկ սկսեցին իրենց տները դեպի վերև կառուցել:

Շենքերի կառուցման համար հիմնականում օգտագործվում էին կավե աղյուսներ՝ չորացված հենց արևի տակ: Եմենի չոր կլիման թույլ էր տալիս նման կառույցներին առանց որևէ դժվարության մի քանի հարյուրամյակ շարունակ կրել ողջ ծանրությունը:

Քաղաքի տներն ունեին 5-11 հարկ և, որպես կանոն, համարվում են աշխարհում ամենաբարձր կավե շինությունները: Հին ժամանակներից ի վեր այս տներն իրար կապված են եղել կամրջակներով, որպեսզի բադուականների արշավանքների ժամանակ բնակիչները կարողանան քաղաքի մի կետից մյուսը տեղափոխվել՝ հասցնելով ժամանակին կասեցնել հարձակումները:

Իր անկրկնելի ճարտարապետության շնորհիվ Շիբամն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունների ցանկում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել