Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց 2016 թ. նոյեմբերին` ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մարտական գործողությունների ժամանակ, ծանր վիրավորում ստացած սերժանտ Գեւորգ Դադասյանին` ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:

Վրթանես եպիսկոպոսը Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց, որ զինվորը, Նորին Սրբության օրհնությամբ ամիսներ առաջ մեկնելով Հնդկաստան,  Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցու վարչության աջակցությամբ անհրաժեշտ բուժում է ստացել:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունն ու մաղթանքները բերելով քաջարի հայորդուն, նշեց, որ մեծ մխիթարություն է որեւէ կերպ զորավիգ լինել իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած արիասիրտ զավակներին, որոնց ծառայությամբ ապահով եւ անվտանգ են պահվում հայրենյաց սահմանները: Վեհափառ Հայրապետը նշեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն այսուհետ եւս կշարունակի աջակցություն ցուցաբերել վիրավոր զինվորներին իրենց բուժման եւ ապաքինման հարցում:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել