Այսօր «Արմենիա» հեռուստաընկերությամբ կցուցադրվի «Ազիզյանները» սիթքոմի առաջին եթերաշրջանը: Ժամը 21:00-ին հեռուստադիտողը կարող է դիտել սիրված սիթքոմի առաջին սերիան: Այս թեմայի մասին BlogNews.am-ը զրուցել է նախագծի պրոդյուսեր, դերասան Հայկ Մարությանի հետ։

«Ես երջանիկ եմ։ Անկեղծ ասած՝ նեղվում էի, որ սիթքոմը հասանելի չէր լայն մասսաներին: Այժմ արդեն այդ մասը հաղթահարված է և բոլորին հասանելի կլինի: Անգամ երբ փակում էինք մի եթերաշրջանը, մարդիկ հարցնում էին՝ երբ է սկսվելու հաջորդը: Ինձ համար հաճելի է, որ հաղորդումը սիրվեց ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում»:

Հայկն այս նախագծին նայում է առաջին հերթին որպես պրոդյուսեր, հետո՝ արդեն որպես դերասան. «Ես և մեր ռեժիսոր Արման Մարությանը շատ դրական ենք գնահատում այս նախագիծը, արվել է այն, ինչ մենք պատկերացնում էինք, դեռ մի բան էլ ավելին, բավականին ճիշտ են աշխատում»:

Ինչպես Հայկի նախորդ նախագծերում, այնպես էլ «Ազիզյաններում» հեռուստադիտողը նոր դերասանների բացահայտեց. «Եթե նկատել ենք, մեր ամբողջ գործունեության ընթացքում մենք միշտ փորձել ենք մեր նախագծերում ներգրավել նոր դեմքերի: Մենք երբեք չենք ընտրում հեշտ ճանապարհ և հակառակը՝ շատ մարդկանց  ուզում ենք տալ հնարավորություն՝ բացահայտելու իրենց: Չենք խուսափում այդ աշխատանքից, որը, բնականաբար, ավելի բարդ է, բայց թե՛ հեռուստատեսությունը, թե՛ նախագծերը շահում են դրանից»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել