Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան ընկերակցության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովին:

Հանդիպման ընթացքում Վիկտոր Կրիվոպուսկովը Հանրապետության Նախագահին ներկայացրել է իր գլխավորած կազմակերպության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը՝ մանրամասն խոսելով հատկապես առաջիկայում Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի կազմակերպման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների մասին: 

Միջոցառումը կանցկացվի մշակույթի ոլորտում 2016-2018թթ. ՀՀ և ՌԴ միջև համագործակցության ծրագրի շրջանակներում: Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան ընկերակցության նախագահը Սերժ Սարգսյանին տեղեկացրել է, որ Ռուսաստանում Հայաստանի մշակույթային օրերի շրջանակներում մայրաքաղաքից բացի միջոցառումներ կանցկացվեն նաև Ռուսաստանի տարածաշրջաններում:

Հանրապետության Նախագահը ողջունել է հայ-ռուսական հարաբերությունների խորացմանն ու երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ուղղված ռուսաստանյան ընկերակցության գործունեությունը և մաղթել հաջողություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել