Ռուսական տուրիստական Tonkosti.ru կայքում օրերս տեղ է գտել հոդված Հայաստանի մասին։ Լրագրողը ներկայացնում է հինգ պատճառ, թե ինչու գեղեցիկ կանանց խորհուրդ չի տրվում Հայաստան այցելել։ Հոդվածին կարող եք ծանոթանալ ստորև։
Ոչ, պատճառն այն չէ, որ նրանց գողանում են և տանում սարեր։ Երկու սեռի զբոսաշրջիկների հանդեպ վերաբերմունքն այստեղ շատ հարգալից է։ Սակայն գեղեցիկ աղջիկներին, այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում խուսափել այդ ճանապարհորդությունից։ Ահա, թե ինչու։
- Աստվածային ուտելիքներն իսկական վտանգ են ձեր կառուցվածքին։ Ասել, որ այստեղ կերակրում են համեղ և շատ, նշանակում է ոչինչ չասել։ Միայն նախաճաշին առաջարկվում է ութ տեսակ ուտեստ։ Այնուհետև ցանկը շարունակում են բուրավետ խաշը, հյութեղ խորովածը, մրգային լավաշիկները, 30 տեսակի մուրաբաները։ Կարճ ասած՝ բարակ մեջքի մասին ժամանակավորապես պետք է մոռանալ։
- Աշխարհի ամենահամեղ նռան գինի, որը հյութի նման խմվում է, և կոնյակ։ Հրաժարվելու հնարավորություն չի տրվում, եթե անգամ դուք երկաթե կամք ունեք, եթե անգամ դուք ընդհանրապես ալկոհոլ չեք օգտագործում։ Ամեն դեպքում դուք մի կում կփորձեք, հետո էլի․․․ և չեք կարողանա կանգ առնել։
- Շատ հագեցած ծրագիր։ Տեղաբնակների բնավորությունն այնպիսին է, որ ամեն կողմից հնչում է գիշերային Երևանով կամ լեռներով շրջելու հանկարծակի առաջարկներ՝ սկսած գիդից, մինչև դահուկային բազայի աշխատակիցներն ու սովորական անցորդները։ Եվ բնավ պարտադիր չէ, որ դա արվի այլ նպատակներով։ Հայերը պաշտում են իրենց երկիրը և ցանկանում նրա գեղեցկությամբ հիացնել բոլորին։
- Հաճոյախոսություններից հոգնելու հավանականություն։ «Աչքեր, որոնց մեջ կարելի է խորտակվել»․ սա մանկական թոթովանք է՝ համեմատած այն բառերի հետ, որոնք դուք կլսեք տեղացի տղամարդկանցից, ովքեր գիտեն գնահատել կանացի գեղեցկությունը։
- Մատչելի քաղցրավենիքի մեծ տեսականի, որն այլ տեղ չես հանդիպի։ Ավաղ, Արարատի նախալեռներում ստիպված կլինեք զրկվել ոչ միայն գեղեցիկ կառուցվածքից, այլև՝ փողերից, որոնք, անկասկած, կծախսվեն «սուջուխ» և այլ համեղ բաներ գնելու վրա։
Ամփոփելով նշեմ, որ հոդվածի բոլոր կետերը ստուգված են սեփական փորձով։
P. S. Ես նորից կմեկնեի Հայաստան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել