Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը պաշտոնաթող է եղել: «Անձնական պատճառներով այսօր ես որոշեցի այլեւս չզբաղեցնել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղեկավարի պաշտոնը»,-գրել է Ագրամունտը Twitter-ի իր օգտահաշվում:

ԵԽԽՎ-ի հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում պետք է կայանար Ագրամունտի պաշտոնական հեռացումը քվեարկության միջոցով: Ընթացակարգն իրականացնելու համար հունիսին ԵԽԽՎ-ն դիմեց աննախադեպ քայլի՝ փոխելով Վեհաժողովի հիմնական փաստաթուղթը՝ կանոնակարգը: Ավելի վաղ այն ընտրովի պաշտոնից հեռացման հնարավորություն չէր նախատեսում: Հունիսից ԵԽԽՎ-ի նախագահի գործառույթները կատարվում են կազմակերպության 19 փոխնախագահների կողմից:

Ագրամունտի շուրջ սկանդալը ծավալվել էր ԵԽԽՎ-ի ապրիլյան նստաշրջանի ընթացքում, երբ եվրախորհրդարանականներն սկսեցին Վեհաժողովի ղեկավարին քննադատել մարտին Սիրիա նրա կատարած ուղեւորության համար:

Ագրամունտի անվան հետ են կապվում նաև արբեջանական խավիարային դիվանագիտության որոշ բացահայտումներ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դե ֆակտո, տևական ժամանակ հեռացված լինելով ԵԽԽՎ նախագահի պաշտոնից, Պեդրո Ագրամունտը ներկայացրել է հրաժարականի դիմում… Այսպիսով՝ կանխվում է նրան իրավական ընթացակարգով իմփիչմենթի ենթարկելու՝ երկուշաբթի Ստրասբուրգում նախատեսված անխուսափելի արարը։

Հ.Գ. ԵԽԽՎ-ն առողջացման նշաններ է ցույց տալիս, ինչն ուղիղ համեմատական է այդ կառույցից Ադրբեջանի դժգոհության և Ալիևի՝ ԵԽ-ից հեռանալու մասին բարձրաձայնումների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել