Շպռոտն այս օրերին աշխատանքային եռուզեռի մեջ է: Երգչուհին նկարահանում է նոր տեսահոլովակ։ BlogNews.am-ի հետ զրույցում նա պատմել է, որ այս  անգամ համագործակցել է ամերիկահայ ռեփեր Էրիկ Շեյնի հետ։ Նրանք ընտրել են «Գարուն եկավ» հայտնի կատակերգը։

«Շատ եմ սիրում ժողովրդական հին ու մոռացված երգերը: Հատուկ եմ կատակերգ ընտրել, որպեսզի ստեղծագործելու տեղ ունենամ։ Փորձել եմ նոր շունչ փոխանցել երգին»: 

Շպռոտն այս անգամ էլ ներկայացել է համարձակ ու գայթակղիչ կերպարով. ազգային ոճի էլեմենտները երգչուհին միքսել է «փին-ափ» ոճի հետ. «Երբեք չեմ մտածում համարձակ լինելու մասին: Ես ուղղակի լսում եմ երգն ու պատկերացնում կերպարները: Շատ գունեղ և թեթև տեսահոլովակ է։ Սիրում եմ իմ աշխատանքը և սիրում եմ էքսպերիմենտներ անել»։

Հարցին՝ արդյո՞ք երգը կկրկնի նախորդ տեսահոլովակի՝ «Կտրիճ Դավոյի» հաջողությունը, երգչուհին ասաց, որ նախապես կանխատեսումներ անել չի ուզում. «Պարային ուրախ երգ է, որը ոճային նմանություն ունի «Կտրիճ Դավոյի» հետ, բայց գործիքավորումն այլ է: Նպատակ չեմ դրել, որպեսզի այս մեկը գերազանցի նախորդ կատարմանս, ուղղակի ուզում եմ, որ իմ հանդիսատեսն այն սիրի, իսկ ես էլ հաճույք ստանամ իմ աշխատանքից»:

Վերջում Շպռոտը հայտնեց, որ երբ տեսահոլովակը պատրաստ լինի, ցանկանկություն ունի Հայաստան գալու:

Նյութը՝ Էմմա Վարդանյանի 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել