Լուսինե Եսայան կամ Միսս Լյուսի. «Ոսկե դպրոցի» անգլերենի ուսուցչուհին և ամենաչար՝ 11բ դասարանի դասղեկը Աննա Գրիգորյանն է: Դերասանուհի մոդելը BlogNews.am-ին ասել է, որ առաջարկը Վաչեից է ստացել. «Անգլերենի ուսուցչուհի եմ, ով դժվար պարտականություն է ստանձնել՝ կարգի հրավիրել ամենաանկարգ դասարանի աշակերտներն: Համեստ կերպար է: Վաղուց էի ուզում աշխատել Վաչեի հետ, ով իմ ամենասիրելի հումորիստներից է: Մեր աշխատանքը միասին շատ լավ է ստացվում»:
Աննայի խոսքով՝ սա նրանց առաջին համագործակցությունն է. «Իհարկե, միշտ առաջ գնալու տեղ կա, կարելի է օր-օրի ավելի լավացնել խաղը, բայց եթե հաշվի առնենք, որ երբևէ չէինք աշխատել իրար հետ, բավականին լավ է ստացվում: Նկարահանող խումբն էլ ինձ քաջ ծանոթ մարդիկ են, որոնց նույնպես հարգանքով եմ վերաբերվում, իրենք էլ՝ ինձ: Միջավայրին ինտեգրվելու խնդիր չեմ ունեցել»:
Նկարահանումները դեռ նոր են սկսվել, բայց Աննան համոզված է՝ ամեն ինչ հիանալի է ստացվելու, նույնիսկ այն դեպքում, երբ սա երեխաների հետ աշխատելու նրա առաջին փորձն է. «Միշտ ցանկացել եմ դպրոցում հենց անգլերենի ուսուցչուհի լինել, ու վերջապես առիթ ընձեռնվեց: Շփման մեջ ազատ եմ, առանց կոմպլեքսների, երեխաների հետ հեշտությամբ լեզու կգտնեմ»:
Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Շուշանիկ Անտոնյանի