Yerkir.am-ը գրում է.

Հայտնել ենք, որ այսօր` ժամը 16:20-ի սահմաններում, ինքնաձիգով զինված քաղաքացին մտել է «Արմենիա» բժշկական կենտրոն, ուր բուժում է ստանում դատապարտյալ, և անկանոն կրակոցներ արձակել: Հարձակում գործող անձը վնասազերծվել է դատապարտյալին հսկող` քրեակատարողական ծառայողների կողմից: Կանխվել է նաև փախուստի փորձը:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ փախուստի փորձ կատարած անձը «Բանդայի» հայտնի գործով անազատության մեջ գտնվող Դավիթ Գալստյանն է: Նրան բժշկական կենտրոն էին տեղափոխել հետազոտման նպատակով:

Նշենք, որ Կենտրեն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2014թ.  դեկտեմբերի 26-ի վճռով Դավիթ Գալստյանը մեղավոր էր ճանաչվել մի շարք պաշտոնյաների և մեծահարուստների տներ թալանած բանդայի գործով և դատապարտվել 15 տարվա ազատազրկման:

Երկու տարուց ավելի տևած դատաքննության ընթացքում Դավիթ Գալստյանը երկու անգամ ինքնավնասման փորձ է կատարել:

Հիշեցնենք, որ բանդան վնասազերծվել էր 2011-ի սեպտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը Մյասնիկյանի պողոտայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել