Ասում են` բավականին լարվել են վարչապետի ու սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հարաբերությունները։ Դե, իսկ եթե հաշվի առնենք, որ ինքն իրենով Ռոստոմյանն այնքան էլ ազդեցիկ ֆիգուր չէ Հայաստանի քաղաքական կյանքում, այլ նրա շուրթերով շատ հաճախ խոսում է Գագիկ Ծառուկյանը, ապա պատկերը շատ ավելի լայն է ու հասկանալի է դառնում։ Վերջին շրջանում խոսվում է այն մասին, որ 2018-ին ընդառաջ շատ հնարավոր է երեք կուսակցությունների՝ Ծառուկյան դաշինքի, ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի կոլացիան, որն ազգային համաձայնության կառավարության ծրագրերի մեջ ոչ միայն տեղավորվում է, այլ քաղաքական համակարգը դարձնում է էլ ավելի բյուրեղացված։ Սակայն սրան կարծես թե դեմ է վարչապետ Կարեն Կարապետյանը, ում գործունեությունն առայժմ բավականին երկակի տպավորություն է թողնում ոչ թե արդյունքների, այլ մեթոդոլոգիայի տեսանկյունից։ Իր հանրային հայտարարություններում վարչապետը խոսում է արդյունավետ ժամանակակից կառավարման, քաղաքական հարաբերությունների վերաիմաստավորման, արդյունավետ մենեջմենթի մասին, փոխարենը կոալիցիան իր հետ բերելու է մի նոր ուժ, որը կառավարվում է բացառապես մեկ տեղից, մեկ մարդու որոշումով։ Սա չի կարող տեղավորվել վարչապետի պատկերացումների մեջ ու նա, ըստ էության, հայտնում է իր դժգոհությունն այս հարցի շուրջ։ Սերժ Սարգսյանի համար այս ամենը մեկ է, որովհետև, վերջին հաշվով, բոլորը հաշվետու են իրեն, իսկ կոմպրոմիս գտնելու հարցում նա Ծառուկյանի հետ որևէ խնդիր չունի, ինչը երիցս ապացուցել է։ Ընդ որում՝ կապ չունի՝ դիմում է մեղմ, թե կոշտ միջոցների, միևնույն է, նրա համար բոլոր սցենարները կանխատեսելի են։ Բայց այ վարչապետի պարագայում խնդիրը շատ ավելի բարդ է, որովհետև, ինչքան էլ մեծ լինի ցանկությունը փոփոխություններ կատարելու, միևնույն է, զգացվում է, որ Կարապետյանը քաղաքական կոնյուկտուրաներում դեռ թրծվելու տեղ ունի։ Փոխարենը, սակայն, նա ամեն օր զգացնել է տալիս, որ մտադիր չէ համակերպվել այդ իրավիճակի հետ, ու օրինակ, երեկ Ծառուկյան դաշինքի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող հաստատություններում լայն թափով հարկային ստուգումներ են սկսել։ Պարզ է, որ վարչապետի հրահանգն է դա, ու ինչքան էլ դա մեկնաբանեն՝ «դե, սովորական ստուգումներ են», միևնույն է, հասկանալի են դառնում տեղի ունեցող իրադարձությունները։ Ապագայում ավելի մանրամասն դրանք կարտահայտվեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել