Եղանակ: Գարուն: Անձրև: Գիշեր: Աշխատավայրում: Բաց Նամակ:
Սիրելի Երկիր: Երբ յուրաքանչյուր օր սկսվում է լույսով ու ավարտվում մթով, թվում է՝ այդպես էլ պետք է լիներ: Կարելի է ասել՝ ճիշտ է: Սա միայն բնազդաբար եկած ու պարտադրված իրականություն է: Իսկ իրականում մենք ենք պարտադրում օրվան ավարտվել, ոչ թե քնելու, այլ վայելելու համար: Օրը: Հիշելու, ամփոփելու, խորհելու, խորը շունչ քաշելու կամ շունչը պահելու: Սպասելու, սպասեցնելու համար: Ուսանողական թե գործնական, բյուրոկրատական թե ավելի մարդկային, սև-սպիտակով, թե ծաղկող բնությամբ, օրը սկսում ենք աչքերը բացելով: Իսկ եթե ոչ: Սիրելի Երկիր: Երբ բոլորը շուրջբոլորդ գովերգում կամ դատափետում են, սիրում կամ ատում են, գուցե հենց դո՞ւ ես մեղավոր: Եղանակ, գարուն, անձրև, գիշեր: Իսկ եթե ես հիմա ոչ թե քնեմ, այլ քայլեմ, դեմ գնամ քո թելադրած սկզբունքներին: Ի՞նչ կլինի, ես մե՞ղք կգործեմ, թե՞ կդառնամ հերթական հեղափոխականը: Ինչո՞ւ են մարդիկ` ինչո՞ւ ես իշխանություններին բաժանել մասերի`
Գողական կյանք, որտեղ անտեսվում են գրվածներն ու հարգվում չգրված օրենքները:
Քաղաքական կյանք, որտեղ ընդունվում են գրվածները, բայց անտեսվում են դրանք:
Լրագրողական կյանք, որտեղ դու չորրորդ իշխանություն ես, բայց որևէ մեկը պարտավոր չէ քո հարցերին պատասխանել:
Այսպես յուրաքանչյուր մասնագիտություն` բժիշկ, խադավիկ, բանվոր, նաժիշտ, երգիչ: Յուրաքանչյուրն ունի իր տերմինները, աշխատելաոճը, օրենքներն ու սկզբունքները:
Գուցե առանց սրա էլ է հնարավոր: Գուցե անհրաժեշտ չեն: Ցնորական է, բայց մտածում ես, սիրելի Երկիր, գուցե մարդիկ չպետք է փողկապ կրեն, գուցե պետք է ճաշեն միայն կանգնած կամ քայլեն ոչ թե առաջ, այլ հետ, գուցե դու էլ քո առանցքի շուրջ չպտտվես, այլ ասենք կանգնես մի 40 միլիոն տարի:
Հասարակական շերտերն արդեն հնացել են իրենց անվանումներից ու նոր կառուցվածքներ է պետք հորինել:
Երբ ինչ-որ բան կրկնվում է, մենք փորձում ենք, երկրորդ անգամ գումարելիին ձեռք չտալ, բայց գումարելիների տեղերը փոխել, նորովի ներկայանալ, նոր սանրվածքով, հագուստով: Գուցե նոր բան մտածենք ավելի գլոբալ կյանքը փոխելու համար:
Գարնանը ոչ թե ծաղկեն ծառերը, այլև կարմրեն, բերքահավաքը լինի գիշերվա ժամերին, սեքս անեն միայն սեղաններին, քամին փչի ներքևից վերև:
Հերիք չի՞` պառվի ուլեր, գարնանացան, արև առաջին ճառագայթներ ու ձու կռվացնել տերմինները օգտագործել: Չմոռանանք ավանդությունները, բայց դե հերիք չի՞ կաղապարված ձևակերպումներով ապրել:
Սիրելի Երկիր, լիցքավորվիր նոր էներգիայով, մարդիկ թող ստիպված չապրեն ու կանխատեսված չմեռնեն, թող ավելի հետաքրքրասեր լինեն` ամեն ինչ թող լինի անսպասելի ու անակնկալ: Բայց մարդկանց չվնասես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել