Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը սեպտեմբերի 27-ին այցելեց Շիրակի պետական համալսարան՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։ Պարոն Մկրտչյանի հետ հանդիպեցինք նաև մենք՝ ՀՀ նախագահին և վարչապետին ուղղված բաց նամակի հեղինակներս՝ ես և Հովհաննես Խորիկյանը։
Նախարար Լևոն Մկրտչյանն արդեն մեկնաբանել է իր այցի արդյունքները և ստացած տպավորությունները։
Նախ՝ շատ զարմանալի է, որ պարոն նախարարի մոտ զարմանք է առաջացել, որ, ասենք, պատմության ուղղության մեջ նույն կուրսը երկրորդ տարին կրկնում է նույն առարկան։ Հարգարժան պարոն նախարարին տեղեկացնեմ, որ այդ խնդիրը միայն պատմության բաժնին չի վերաբերում։ Ձեզ մոտ սխալ կարծիք է ստեղծվել։ Այդ խնդիրն ունեն ԲՈԼՈՐ ԲԱԺԻՆՆԵՐԸ, քանի որ ռեկտոր Սահակ Մինասյանի թեթև ձեռամբ ուսումնական պլանները փոփոխվել են բոլոր բաժիններում, որի արդյունքում ստեղծվել է խայտառակ իրավիճակ։
Ինչ վերաբերվում է նախարարի նշած «անձնավորված» հարաբերություններին, ապա հենց նույն ռեկտորն է դրա հեղինակը, ով հատուկ «անձնավորված» վերաբերմունք ունի պրոֆեսորադասախոսական անձնակազմի նկատմամբ և զբաղված է տարրական հովանավորչությամբ։
Շատ զարմացա պարոն Մկրտչյանի նշած գոյություն չունեցող «խորքային անլուծելի հարցեր չլինելուն»։ Այո, բոլոր հարցերն էլ լուծում ունեն։ Սակայն ի՞նչ, ամեն անգամ, երբ պարոն Մինասյանն ապօրինություններ և կամայականություններ է անելու, Ձե՞զ ենք դիմելու։ Այսինքն, ըստ պարոն Մկրտչյանի, այն, որ ռեկտորի կողմից պարտադրված ուսումնական պլանների փոփոխման պատճառով խաթարվել է ամբողջ ուսումնական գործընթացը և Ձեր հրահանգով այն պետք է շատ արագ փոփոխվի, դա նորմա՞լ է։ Բոլոր բուհերում ընթանում է հանգիստ ուսումնական պրոցես, իսկ մենք մեկ ամիս դասեր անելուց հետո պետք է փոփոխենք ուսումնական պլանները։ Դուք դա նորմա՞լ եք դիտում։ Զարմանալի է։ Դա, ինչպես Դուք էիք նշել ուսանողների հետ հանդիպման ժամանակ, հանցագործություն է և քրեորեն պատժելի։ Եթե պարոն Մինասյանը քրեորեն պատժելի արարք է գործել, ապա ինչո՞ւ չեք դիմում դատախազություն։
Պարոն Մկրտչյան, Դուք խորքային հարց չեք դիտում նաև ռեկտոր Մինասյանի «ինտեգրված» ուսուցման ձևը, որը Հայաստանում չի կիրառվում։ Սահակ Մինասյանի կողմից դրա ներդրումը բուհում ապօրինի է և անօրինական։ Սա ևս հանցագործություն է, որն, ըստ Ձեզ, ևս ուղղելի՞ է։
Կամայական է նաև կրեդիտային համակարգով նախատեսված շաբաթական ծանրաբեռնվածությունը 24-30-ն ժամից 12-ի իջեցումը և դասաժամերի 50% կրճատումը։
Խորքային չէր նաև այն, որ ռեկտոր Մինասյանը չէր ցանկանում բարձր ՄՕԳ ունեցող ուսանողների վարձավճարները զեղչել։
Ես շատ ուրախ եմ, որ Ձեզ շատ են դուր եկել մեր ուսանողները։ Մենք ևս նրանցով հիանում ենք։ Չգիտես ինչու, պարոն Մկրտչյանը կենտրոնացել է դասախոսների միջանձնային հարաբերությունների վրա՝ մոռանալով, թե այդ նույն դասախոսներն ինչ ԽՈՐՔԱՅԻՆ հարցեր բարձրացրին, որոնք վերաբերում են ռեկտորի՝ բուհում մեծ թափ առած անօրինականություններին, կամայականություններին, ապօրինություններին, որոնք քրեորեն պատժելի են, ինչպես ասում եք Դուք։

Հ.Գ. Ուսանողների մոտ քրեորեն պատժելի զանցանքներ գործած ռեկտոր Մինասյանի գործունեության վերաբերյալ արտահայտություններ արած նախարար Լ.Մկրտչյանը, ով հորդորել էր ուսումնական խայտառակ պլանների պահով դիմել դատախազություն, իր մեկնաբանություններում ասում է, որ դրանք «խորքային անլուծելի հարցեր» չեն։ Հետաքրքիր է, բա ի՞նչ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել