Հաշվի առնելով Հայաստանում բնակվող եզդիական բավական մեծաքանակ և որոշակի ազդեցություն ունեցող համայնքի ներկայությունը, ակնհայտ է, որ մեր երկիրը չի կարող անտարբեր մնալ Իրաքի հյուսիսում՝ թե՛ Քրդստանի տարածաշրջանում և թե՛ դրա սահմաներից դուրս, պաշտոնական Բաղդադի և Էրբիլի միջև, այսպես կոչված, վիճելի տարածքներում բնակվող եզդիների ճակատագրի նկատմամբ:

Ցավով պետք է արձանագրել սակայն, որ Քրդստանում անցկացվելիք հանրաքվեի և դրանից բխող հնարավոր բոլոր մարտահրավերների նախօրեին Հյուսիսային Իրաքի իրենց բնօրրանում ապրող եզդիները պառակտված են և հարում են բոլորովին տարբեր՝ հաճախ իրարամերժ նպատակներ հետապնդող զանազան ռազմաքաղաքական ուժերի և խմբավորումների:

Նույնիսկ եզդիական զինված ջոկատները ոչ միայն հանդես չեն գալիս գոնե միասնական համակարգումով, այլև հիմնականում տարաբաժանված են երեք ուժերի՝ Քրդստանի Ժողովրդավարական Կուսակցության փեշմարգաների զորաջոկատների, իրականում Քրդստանի Բանվորական Կուսակցության սիրիական ռազմականացված թևը հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության միավորների» և իրանական զգալի աջակցությամբ գործող ու Բաղդադի կենտրոնական իշխանությանը ենթակա «Ժողովրդական աշխարհազորի» («Հաշդ ալ-Շաաբի») կազմում:

Հաշվի առնելով այն հսկայական հեղինակությունը, որը վայելում է Հայաստանը աշխարհով մեկ սփռված եզդիական համայնքների շրջանում, ինչպես նաև հայաստանաբնակ եզդիական համայնքի մտավոր ներուժը և կարողությունները, կարծում եմ՝ մեր երկիրն ունի բավական լուրջ հնարավորություններ ավելի սերտ մարդասիրական և ինչո՞ւ ոչ, քաղաքական կապեր հաստատելու Իրաքի եզդիական ուժերի հետ՝ այս խնդրում ավելի ակտիվ դիրքորոշմամբ հանդես գալու հեռանկարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել