Անգլիական պատմության մեջ վիկտորիանական է համարվում այն ժամանակաշրջանը, որը տևել է 1837-1901 թվականներին ու երբ երկիրը կառավարում էր Բրիտանական թագավորության թագուհի Վիկտորիան: Հենց Վիկտորիանական ժամանկաաշրջանում կատարվեցին այնպիսի փոփոխություններ, որոնք մեծ ազդեցություն ունեցանժամանակակից աշխարհի ստեղծման վրա՝ քաղաքական, տնտեսական, գիտական և, իհարկե, մշակութային: Սակայն միաժամանակ նորաձև դարձան բավական տարօրինակ իրեր, հասարակության ճաշակը փոխվեց: Մարդիկ սկսեցին այնպիսի բաներ ուտել, որոնք մեզ այժմ չափազանց արտասովոր կթվան:

Արյուն

 

Վիկտորիանական ժամանակաշրջանում սպանդանոցներում կարելի էր հանդիպել մարդկանց, որոնք ընդհանրապես համապատասխան չէին հագնված տվյալ վայրին, այլ կրում էին նորաձև հագուստ, քաղաքային սովորություններ ունեին, շրջապատված էին սպասավորներով: Նրանք ուղղակի սպասում էին, թե երբ մսագործն իրենց սպանված կենդանու մի բաժակ տաք արյուն կբերի խմելու համար: Մարդիկ հավատում էին, որ այդ եղանակով կբարձրացնեն օրգանիզմի դիմադրողականությունը և կպայքարեն տուբերկուլոզի դեմ, որը տարածված էր Բրիտանական թագավորությունում: Համարվում էր, որ ինչքան թարմ է արյունը, այնքան մեծ կլինի արդյունքը: Այդ պատճառով այն մարդկանց, ովքեր ինչ-որ լուրջ հիվանդությամբ էին տառապում, խորհուրդ էր տրվում անհապաղ սպանդանոցներ այցելել ու դեռ չմահացած կենդանու տաք արյուն խմել:

Տաք օձաձուկ

 

Վիկտորիայի կառավարման ժամանակ փողոցում ամենատարածված ուտեստները ոչ թե համբուրգերները կամ հոթ-դոգերն էին համարվում, այլ տաք օձաձկները: Սկզբում կենդանուն մանր կտրատում էին, այնուհետև որոշ ժամանակ ջրում շոգեխաշում՝ ավելացնելով կանաչի ու աղ: Ուտեստը տաք կերպով էր մատուցվում:

Իրականում ժամանակակից ռեստորաններում ևս այսպիսի ուտեստ կկարողանաք գնել: Սակայն ողջ խնդիրն օգտագործման մեջ է. Վիկտորիանական Անգլիայում տաք օձաձուկը մատուցվում էր բաժակի մեջ՝ գդալի հետ միասին, սակայն այդ բաժակն ու գդալը նույնն էին բոլոր հաճախորդների համար: Երբ ինչ-որ մեկն ուտում էր, նրա հետևից սպասում էր տասնյակ մարդկանց շարք: Այս գդալն ու բաժակը ոչ ոք չէր լվանում, դրանք ուղղակի փոխանցվում էին մի հաճախորդի բերանից մյուսինին:

Սալուպ

 

Սալուպը 19-րդ դարում հայտնի տաք ըմպելիք էր՝ պատրաստված սասաֆրասի ծառի արմատներից, կաթից ու շաքարից: Մարդիկ այն խմում էին առույգանալու համար: Սասաֆրասի արմատներ բերում էին միայն Հյուսիսային Ամերիկայից, և միայն հարուստներն էին կարողանում իրենց թույլ տալ ըմպել այս խմիչքը: Սակայն սալուպի «մեծարման» ժամանակն էլ անցավ: Ինչու՞: Թագավորությունում թունավորումներ սկսվեցին, քանի որ անբարեխիղճ վաճառականները հասարակ քաղաքացիներին, որոնք նախկինում երբեք սալուպ չէին փորձել, խաբում էին ու իրական ծառի արմատների փոխարեն ըմպելիքը պատրաստում էին փտած թեյի տերևներով: Առաջին անգամ սալուպ փորձել ցանկացող մարդը չգիտեր, թե ինչ են իրեն առաջարկելու, այդ պատճառով էլ խմելուց մի քանի ժամ անց անտանելի ցավեր էր ունենում ստամոքսի շրջանում:

Ոչխարի ոտքեր

 

Փողոցային վաճառականների համար ոչխարի ոտքերը խնայողական սնունդ էին համարվում: Մսագործներից չնչին գումարով այն գնելով՝ վաճառականները սկզբում շոգեխաշում, այնուհետև տապակում էին ոտքերն ու սկուտեղներով վաճառում փողոցներում: Շտապող ու քաղցած անցորդները գնում էին ոչխարի ոտքերն ու ուտելով քայլում, մինչև որ սպիտակ ոսկորն ամբողջապես ազատված չլիներ մսից:

Այծի կաթ

Բրիտանական թագավորության բնակիչների համար երկար ժամանակ կովի կաթն անհասանելի էր, քանի որ կովերի բուծումը զարգացած չէր դեռևս: Որպես այլընտրանքային եղանակ առևտրականներն առաջարկում էին այծի կաթ: Բացի այդ՝ բժիշկները կանանց խորհուրդ էին տալիս հենց այծի կաթ օգտագործել, եթե անգամ ունեն հնարավորություն կովի կաթ գնելու. համարվում էր, որ այն դանդաղեցնում է ծերացման գործընթացը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել