Անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ վաստակավոր արտիստի կոչմամբ պարգևատրվել է նաև Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը: Դերասանի կարծիքով՝ արժանի է մարդը կոչման կամ պարգևի որոշում են միայն ծափահարությունները. «Կոչումը պարտավորեցնող է, այն չպետք է տան պատին կախել ու մոռանալ դրա մասին: Այն պետք է հուշի՝ ավելի լավ դերերի, ավելի լավ աշխատանքների ու ճանաչման մասին»:

Դերասանի խոսքով՝ ճիշտ է, երբ կոչումը տեղին ու ժամանակին են տալիս, գնահատում երիտասարդների տաղանդն ու ներուժը. «Ուրախ եմ բոլորի համար ու հենց նախագահականում եմ շնորհավորել նրանց, ովքեր արժանացան այդ պարգևին: Կոչումը յուրահատուկ բան է, այն չպետք է աջ ու ձախ շռայլել»:

Տարբեր բնագավառներից մոտ 200 անձի շնորհված մեդալներն ու կոչումները հասարակությունն անուն առ անում քննարկեց ու քննադատեց: Դերասան Մկոն էլ բացառություն չեղավ: Ռուդոլֆ Ղևոնդյանը համարում է, որ այն դերասանները, որոնք ստացան կոչում, այդ թվում և՝ Մկրտիչ Արզումանյանը արժանի էին դրան. «Մկոն մեր ժամանակի ամենատաղանդավոր երիտասարդներից մեկն է: Նա այնքան գիտակից ու գաղափարային է, որ իր աշխատանքների տողատակերում այնքան նուրբ է մատուցում իրոնյան, սատիրան, որ գռեհիկ չլինի: Նրա խոսքը շատ խորքային է, ճաշակով, միայն իրեն է սազում այդ տեսակ հումորը: Մկոյի նման դերասան շատ քիչ կա աշխարհում, հավատացեք», -եզրափակեց դերասանը:

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել