Yerkir.am-ը գրում է.

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագիծը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության ծրագրի 1.2. «Կայուն տնտեսական աճի ապահովում» գլխի «Արտահանման խթանում» բաժնի 2-րդ կետի ա) ենթակետի պահանջը, որով նախատեսվում է արտահանման խրախուսման նպատակով ԱԱՀ-ի վերադարձման ժամկետների փուլային կրճատում և գործընթացների պարզեցում:

Նշված ուղղությամբ արդեն իսկ իրականացվել է բարեփոխում` սահմանելով մինչև 20 մլն ՀՀ դրամի չափով ԱԱՀ-ի զրոյական գումարների վերադարձի պարզեցված ընթացակարգ և առավել սեղմ ժամկետներ:

Չնայած ՀՀ հարկային օրենսգրքով ևս նախատեսվում են հարկի գումարի վերադարձի (միասնական հաշվից գումարների վերադարձի) էապես կարճ ժամկետներ. հարկ վճարողին տույժ է վճարվում միայն գումարի վերադարձը սահմանված ժամկետից 90 օրից ավել ուշացնելու դեպքում:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ ԵՄ անդամ երկրներում, ինչպես նաև բազմաթիվ զարգացող երկրներում հարկի գումարի վերադարձի ժամկետը չի գերազանցում 1 ամիսը: Այս տեսանկյունից ներդրողների համար ՀՀ գործարար միջավայրը հարկային հարաբերությունների տեսանկյունից առավել գրավիչ դարձնելու նպատակով առաջարկվում է կրճատել հարկի գումարի վերադարձի ժամկետը խախտելու դեպքում տույժերի չհաշվարկման ժամկետը` այն մոտարկելով միջազգային պրակտիկայում ընդունված չափանիշներին:

Նախագծի նպատակը միասնական հաշվից գումարների վերադարձի ժամկետի կետանցից հետո տույժի հաշվարկման ժամկետի փոփոխության միջոցով հարկատուի գումարի առավել շուտ վերադարձն է, մասնավորապես՝ ակնկալվում է հարկ վճարողի դիմումից հետո միասնական հաշվին առկա գումարի վերադարձը 20-օրյա ժամկետում չվճարելու դեպքում տույժերի հաշվարկման ժամկետը կրճատել 3 անգամ` 90 օրը դարձնելով 30 օր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել