Blognews.am-ն արդեն պատմել է Առաջին ալիքի նոր սիթքոմի` «Ամուսնացածների լիգա»-ի մասին: Սիթքոմում նկարահանվում են Անի Պետրոսյանը, Ջեմմա Ադամյանը, Սերժոն, Տիգրան Գյուլումյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լուիզա Ղամբարյանը, Լուիզա Ներսիսյանը և վերջինիս դուստրը` Լիլիթ Թոխատյանը: Ի դեպ՝ սա Լուիզայի և Լիլիթի համատեղ առաջին աշխատանքն է: BlogNews.am-ի հետ զրույցում Լուզիան պատմել է դստեր հետ աշխատանքի և նախագծի մանրամասների մասին:
«Երեք ընկերուհիներ են, ովքեր շատ տարբեր բնավորության գծերով մարդիկ են, բայց, միևնույն ժամանակ, շատ մտերիմ են իրար հետ, և նրանցից յուրաքանչյուրն ունի ընտանեկան իր մոդելը: Ես տնային տնտեսուհի եմ, ում ամուսինը բանկի աշխատող է, ունեմ դուստր, ով ավելի շատ կապված է հայրիկի հետ: Պետք է խոստովանեմ, որ բավականին հետաքրքիր է, և առհասարակ, շատ դրական արձագանքներ եմ լսում: Այստեղ յուրաքանչյուրն իրեն բնորոշ ինչ-որ հատկություններ է գտնում, հաճախ էլ խորհուրդ են տալիս, թե ինչ թեմաների կարելի է անդրադառնալ: Ամենակարևորը` գռեհկություն չկա, դրա համար միայն պետք է շնորհավորել թիմին»,- նշում է Լուիզան։
Ի դեպ՝ Լուիզայի դստեր կերպարում իր իսկ սեփական դուստրն է խաղում` Լիլիթը: Դերասանուհին ասում է, որ սա նրանց առաջին համագործակցությունն է. «Ուրախ եմ, որ համագործակցում եմ դստերս հետ, քանի որ նա շատ լուրջ է վերաբերվում իր գործին, իսկ ամենակարևորը դա է` պատասխանատու լինել այն գործի հանդեպ, որը կատարում ես: Իր մոտ դա շատ սկզբունքային է, չգիտեմ՝ դա մեզանից է գալիս, թե բնությունն իրենն արել է, բայց ես ուրախ եմ, որ այդքան պատասխանատու է մոտենում իր աշխատանքին: Նրա հետ նկարահանման հրապարակում մոռանում եմ, որ նա իմ դուստրն է, և մենք որպես գործընկերներ փորձում ենք միասին հասկանալ տեսարանը և խաղալ»:
Այն հարցին` ինչպես է գնահատում դստեր կարողությունները որպես դերասանուհի, Լուիզան պատասխանեց. «Լավ դերասանուհի դառնալու նախադրյալներ կան Լիլիթի մոտ այնքանով, որ նա շատ է սիրում այն, ինչով զբաղվում է, իսկ պրոֆեսիոնալիզմը տարիների փորձի հետ է գալիս: Մասնագիտություն ընտրելիս շատ կարևոր է, որ դու սիրես քո գործը, ոչ թե դա անես ինչ-որ բանից ելնելով: Երջանկությունը ես տեսնում եմ նրա աչքերի մեջ և կարծում եմ`այս պահի համար ինչով նա զբաղվում է, ճիշտ է ընտրել»:
Լիլիթն իր արած աշխատանքի համար հոնորարներ ստանում է, չնայած, ինչպես Լուիզան է ասում, դստեր համար դա առաջնային չէ. «Ես ցավում եմ, որ այդպես է, բայց Լիլիթի համար գումարը կարևոր չէ։ Կուզեի, որ նա գոնե այն տեսակը լիներ, որ մի քիչ արժևորեր իր ստացած գումարը: Չգիտեմ` ուրախանամ, թե տխրեմ դրա համար: Որպես մարդկային տեսակ ուրախ եմ, որ նա այդպիսին է, բայց ինչքանով է դա ճիշտ այս հասարակության մեջ, չգիտեմ: Լիլիթն իր ստացած առաջին աշխատավարձը ծննդյանս նվեր է տվել: Հենց այդ օրն էր ստացել, եկավ ասաց՝ «Մամա ջան, քեզ համար նվեր ունեմ» և նվիրեց ինձ իր գումարը»,- եզրափակեց Լուիզան։
Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի