Երիտասարդ դերասանուհի Միլենա Վարդանյանին հեռուստադիտողն առաջին անգամ տեսավ Գոռ Վարդանյանի «Հրեշների գայլը» սերիալում, որին անմիջապես հաջորդեց «Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված սերը»: Այժմ դերասանուհին նկարահանվում է «Անուղղելիները» հումորային հեռուստասերիալում, որը «Վերվարածների» տրամաբանական շարունակությունն է: BlogNews.am-ի հետ զրույցում Միլենան պատմել է կերպարի, նկարահանումների ընթացքի ու առաջիկա պլանների մասին:
Միլենայի խոսքով՝ նոր, ցայտուն ու բավական հետաքրքիր կերպարում է հանդես գալիս: Առաջարկը ռեժիսոր Հայկ Վարդանյանից է ստացել ու միանգամից համաձայնվել: ««Թաքնված սերը» սերիալից հետո սա ռեժիսորի հետ մեր երկրորդ գործակցությունն է: Իմ առաջին դերն է հումորային հեռուստասերիալում, որը բավականին տարբերվում է մարմնավորածս նախորդ բոլոր կերպարներից: Դերի համար թեկնածուները շատ էին հարցազրույցի փուլում, բաց ի վերջո ինձ ընտրեցին: Վստահ եմ, որ հետագայում սա ինձ համար մեծ փորձ կլինի»:
Միլենան մարմնավորում է հնդկուհու, ով եկել է Ամերիկայից ու խոսում է հայերեն՝ անգլերեն շեշտադրմամբ: Հերոսուհին քեռի Արբիի կինն է, ում ընտանիքում գրկաբաց չեն ընդունում, հատկապես Մեծ մամեն. «Էպատաժային կերպար է իմ հերոսուհին, թեթև բնավորություն ունի, սիրում է գեղեցիկ ու նաև ծայրահեղ տարբեր հագնվել՝ սարիից մինչև կարճ շրջազգեստ, բայց նաև հոգատար է: Ու քանի որ ընտանիքում նրան ոչ ոք չի ընդունում, սկսվում է հումորով հագեցած փորձությունների մի շրջան, որով ուզում են հնդկուհուն դուրս անել հայկական ավանդական ընտանիքից»:
Միլենան հեշտությամբ է ինտեգրվել միջավայրին, ասում է՝ նկարահանման հրապարակում շատ ուրախ ու հետաքրքիր է անցնում. «Բոլորը շատ պոզիտիվ մարդիկ են: Ինձ համար շատ հաճելի է աշխատել նրանցից յուրաքանչյուրի հետ: Բոլորը պրոֆեսիոնալներ են, և յուրաքանչյուրից սովորելու բան ունեմ»:
Երիտասարդ դերասանուհին այս պահին միայն «Անուղղելիների» նկարահանումներով զբաղված չէ, այլ առաջարկներ ևս ունի. «Շուտով հանդես կգամ գեղարվեստական ֆիլմում ու գլխավոր դերում: Լինելու է միջազգային մասշտաբի նախագիծ, պայմանագիրն արդեն ստորագրել եմ, սակայն այս պահին ավելին ասել դեռ չեմ կարող»:
Ի դեպ՝ Միլենան դեռ ընտրյալ չունի: Հարցին՝ ինչպիսի՞ն պետք է լինի տղամարդը, որ կարողանա գրավել նրա սիրտը, դերասանուհին պատասխանեց. «Ինքնահաստատված, դաստիարակված ու դրական տղամարդկանց եմ սիրում: Սակայն այս պահին անձնական կյանքի մասին մտածելու քիչ ժամանակ ունեմ, զբաղված եմ աշխատանքային գործերով»:
Նյութը՝ Էմմա Վարդանյանի