ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել հայ-ֆրանսիական համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած մի խումբ գործարարների հետ:

Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել համագործակցության հնարավորություններին  գինեգործության, կոնյակագործության և օրգանական գյուղատնտեսության ոլորտներում, ինչպես նաև Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ բացվող նոր հեռանկարներին:  Ֆրանսիացի գործարարները նշել են, որ  իրենց զարմացրել է այն հանգամանքը, թե  որքան  շատ որակյալ գինի արտադրողներ են հայտնվել շուկայում վերջին տասը տարիների ընթացքում:

 «Աշխարհը միշտ փնտրում է նոր գինիներ, Հայաստանն ունի խաղողի երեք տեսակ, որոնք չեք գտնի այլ երկրներում, դրանք են Արենին, Ոսկեհատը և Խնդողնին: Մասնագետների գնահատմամբ՝ հայկական գինու զարգացման գրավականը հենց այդ սորտերի առաջմղումն է»,-նշել է նախարար Առաքելյանը`  ընդգծելով, որ Գյուղատնտեսության նախարարությունը ստեղծել է Գինեգործության և խաղողագործության զարգացման հիմնադրամ, բացի այդ կան շատ սոմելյեներ, որոնք տարբեր երկրներում, մասնավորապես Ռուսաստանում տարածում են հայկական գինու բրենդը:

 Անդրադառնալով կոնյակագործության ոլորտին` Իգնատի Առաքելյանը նշել է, որ եթե գինին  զարգացման նոր փուլում է գտնվում, ապա հայկական կոնյակն ավելի կայացած շուկա ունի:

 Նախարար Առաքելյանը նաև տեղեկացրել է հյուրերին, որ օրգանական գյուղատնտեսության ուղղությունը զարգացնելու նպատակով Հայաստանն ակտիվորեն համագործակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, քանի որ այն արտերկրի շուկայում, մասնավորապես Եվրոպայում այսօր մեծ պահանջարկ ունի և կարող է նպաստել փոքր գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը`  բարձր  շահութաբերության շնորհիվ:

 Ներկայացնելով պետական աջակցության ծրագրային փաթեթը, որը նպատակաուղղված է գյուղոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը` Իգնատի Առաքելյանն  այս հարցում կարևորել է Ֆրանսիայի մասնագիտացված ընկերությունների  փորձը` կոչ անելով համագործակցել և խորհրդատվական ծառայություններ տրամադրել մասնավորապես կաթիլային ոռոգման համակարգի, կարկտապաշտպան ցանցերի ներդրման, ինտենսիվ այգեգործության զարգացման գործում:

 Կողմերը մտքեր են փոխանակել նաև ոռոգման համակարգին, գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության ներդրմանն առնչվող և մի շարք այլ հարցերի շուրջ:

 Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանն ուղղված  հետագա քայլերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել