Արդեն որերորդ օրն է՝ սեպտեմբերի 13-ի փաստաբանների «գործադուլը» նախաձեռնողներից մի քանիսը հպարտորեն աղմկում են, թե փաստաբանների գործադուլը արդյունավետ էր, լուրջ առաջընթաց են գրանցել՝ մասնավորապես մատնանշելով ՀՀ դատական դեպարտամենտի տարածած հայտարարությունը՝ զննության կարգի վերաբերյալ, ՀՀ ԴՆԽ որոշումը, և այս ամենը պայմանավորում են գործադուլի «մեծ» հնչեղությամբ, դրա պատճառով տապալված դատական նիստերով և այլն:
Հարկ ենք համարում չոր վիճակագրական ու ժամանակագրական մի քանի տվյալ հրապարակել՝ ի պատասխան մի քանի փաստաբանների սուբյեկտիվ ընկալումների ու ոչ պակաս սուբյեկտիվ մեկնաբանությունների:
ՀՀ դատական դեպարտամենտի կողմից կատարվել է ուսումնասիրություն սույն թվականի սեպտեմբերի 13-ին մի խումբ փաստաբանների կողմից կազմակերպված «գործադուլի» հետևանքով հետաձգված դատական նիստերի վերաբերյալ: 
Փաստաբանների կողմից սոցցանցերում և տարբեր ԶԼՄ-ներում կազմակերպված գործադուլի բարձր արդյունավետության վերաբերյալ կատարված հայտարարությունների և դիտարկումների կապակցությամբ հարկ ենք համարում նշել հետևյալը.
Սույն թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ դատարաններում քրեական գործերով նշանակված է եղել 118, քաղաքացիական գործերով՝ 886, վարչական գործերով՝ 168 դատական նիստ: Ընդհանուր առմամբ՝ 1172 դատական նիստ:
Գործադուլի հետևանքով դատական նիստերին չեն ներկայացել թվով 20 փաստաբան:
Նշենք, որ սույն թվականի սեպտեմբերի 13-ին նշանակված թվով 1172 դատական նիստերից փաստաբանների չներկայանալու պատճառով հետաձգվել է ընդամենը 9 /0.8 տոկոսը/ դատական նիստ:
Կարծես թե թվերն առավել քան խոսուն են, և իրավամբ զավեշտալի է խոսել գործադուլի արդյունքում տապալված նիստերի ազդեցիկության կամ վճռորոշության մասին անգամ: 
Մի բարի հորդոր: Հարգելիներս, սոցցանցերում կամ ձեր հրապարակախոսական ելույթներում մասնավոր ու ոչ այնքան մասնագիտական մտքեր սփռելն, իհարկե, ձեր սահմանադրական իրավունքն է, սակայն պրոֆեսիոնալ հարթակներում կառուցողական գործողությունները, հավատացեք, առավել արդյունավետ են: Իսկ դուք արդյունավետություն եզրույթը շատ եք սիրում:
Ի դեպ՝ հուշեմ նաև, որ ՀՀ դատական դեպարտամենտը եղել և շարունակում է լինել բաց՝ դատական իշխանությանը վերաբերվող հարցերի շուրջ առարկայական, կառուցողական երկխոսության համար, առավել ևս՝ փաստաբանական համայնքի դեպքում, ինչին բոլորն են ականատես՝ կլինի դա հնչեղություն ունեցող դատական նիստերի ժամանակ առաջացող խնդիրներին օպերատիվ արձագանքելու, հրատապ հարցերը բաց-հրապարակային քննարկելու, փոխգործակցության արդյունքում համատեղ հայտարարություններով հանդես գալու, թե կլոր սեղանի շուրջ նստելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ լուծումներ գտնելու առումով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել