ՄԱԿ-ում խոսելով ԼՂՀ հարցի վերաբերյալ՝ նախագահ Սարգսյանն արձանագրեց հետևյալ իրողությունը, որը շատ կարևոր է նախևառաջ հայ հանրության համար։ Այո, այո, հենց մեզ համար։ Միջազգային հանրությունը, Ադրբեջանը և նրա ղեկավարությունը գիտեն կամ միգուցե ունեն պատկերացումներ հայկական դիրքորոշման մասին. թե ինչ կանեն ու ինչպես կմատուցեն խնդիրն իրենց հանրությանը, դա արդեն իրենց գործն է։ Մեր մասով հստակ նշվեց, որ Հայաստանն, անկախ ամեն ինչից, շարունակելու է հանդիսանալ ԼՂՀ ռազմական երաշխավորն ու չի համաձայնվի ոչ մի ցածր կարգավիճակի նրանից, ինչ այսօր ունի Ղարաբաղը։ Աշխարհը վաղ թե ուշ ստիպված է լինելու հաշվի առնել ԼՂՀ-ում ապրող մարդկանց ազատ կամարտահայտման իրավունքները, որովհետև այդ մարդիկ ապրում, արարում են այնտեղ, ու ինչպիսի տրանսֆորմացիաներ էլ տեղի ունենան, ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու միակ տարբերակը Ղարաբաղի բնաջնջումն է։ Այլ տարբերակ չկա ու լինել չի կարող, ինչը, բնականաբար, Հայաստանը թույլ չի տա։ Հետևաբար սրանով արձանագրվում է, որ խաղաղ բանակցությունների միջոցով հարցի լուծման հավանականությունն այս պահին հավասար է զրոյի, թեպետ ԵԱՀԿ Մինսկի խումը 25 տարի փորձում է դա անել։ Պարտադրված պատերազմի առկայության պարագայում Հայաստանն անպայմանորեն ճանաչելու է ԼՂՀ անկախությունը, որը կնշանակի վերջ բանակցություններին։ Լայնածավալ ռազմական գործողությունների դեպքում իրադարձությունների ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է Ադրբեջանի ռազմական ղեկավարության վրա։ Սրանց մասին, իհարկե, բառ առ բառ չի խոսվել, սակայն ասելիքի բովանդակությունը մոտավորապես հենց սա էր։ Ասել կուզի՝ գնդակը Ադրբեջանի դաշտում է, Հայաստանը պատրաստ է գործողությունների տարբեր սցենարների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել