Երեք օվկիանոս, հինգ մայրցամաք, բազմաթիվ քաղաքներ ու 80 հազար կիլոմետր. «Արմենիա» առագաստանավի ու 7 հոգուց բաղկացած անձնակազմի հերոսական ուղին մեկ ֆիլմում ամփոփել է ռեժիսոր Վահե Գևորգյանցը: ««Արմենիա». ծովից ծով» վավերագրական ֆիլմի հանդիսատեսն այսօր Սլավոնական համալսարանի ուսանողներն էին: Ներկա էին նաև ստեղծագործական խմբի անդամները՝ սցենարի հեղինակ Աննա Դերձակյանը, օպերատորներ Սամվել Բաբասյանն ու Հայկ Բադալյանը և այլք: Ռեժիսոր Վահե Գևորգյանցը Blognews.am-ի հետ զրույցում ասաց, որ ցուցադրության վայրի ընտրությունն ամենևին էլ պատահական չէ. «Նախ՝ ուսանողների կողմից հետաքրքրությունը մեծ էր ֆիլմի նկատմամբ, հետո էլ համալսարանում ֆիլմը ցուցադրելու պատճառներից մեկն էլ այն էր, որ ստեղծագործական խմբի մեծ մասն այժմ դասավանդում է այստեղ»:

Վավերագրական ֆիլմն անծայրածիր օվկիանոսում անհնազանդ ալիքների վրա լողացող եռագույն առագաստանավի մասին է։ Սա դարձավ հայ ժողովրդի պատմության մեջ առաջին շուրջերկրյա նավարկությունը: Վահե Գևորգյանցը նշում է՝ 250 ժամ տևողությամբ նյութից կարողացել են մեկ ժամ տևողությամբ ֆիլմ ստանալ. «Մենք մեկ տարի պատրաստում էինք ֆիլմը: Դժվար էր ընտրել՝ ինչը  թողնել և ինչը` ոչ: Կան շատ դրվագներ, որնոնք ես կցանկանայի, որ լինեին ֆիլմում»:

IMG_8327
IMG_8335
IMG_8338
IMG_8350
IMG_8353
IMG_8354

Զորի Բալայանն իր «Ծովից ծով Հայաստան» գրքի հիման վրա էկրանավորված ֆիլմի արդյունքից գոհ է. «Այն ժամանակ դեռ չէի պատկերացնում՝  ֆիլմի ընթացքն ինչպիսին է լինելու։ Երբ ավարտուն տեսա, զգացի, որ անհնար էր առանց ֆիլմի փոխանցել այն էմոցիաներն ու ապրումները, որնք եղել են: Այո՛, ես գրի եմ առել այդ ամենը, բայց դու պետք է տեսնես փոթորիկը, ալիքի բարձրությունը, մարդու աչքերում կայծկլտացող երջանկությունը դժվարանցանելի ճանահարհը հաղթահարելիս, ինչպիսին մեզ համար, օրինակ, Արգենտինայի Հորն հրվանդանն էր: Այդ ամենը պետք է վերապրել, մենակ գրելը քիչ է»:

2015-ին ««Արմենիա». ծովից ծով» վավերագրական ֆիլմի ստեղծագործական խումբն արժանացել էր ՀՀ պետական մրցանակի կինոարվեստի ոլորտում: Առաջիկայում ֆիլմը կցուցադրվի նաև կինոթատրոններում: Աշխատանքներ են տարվում նաև ֆիլմը ձայնասկավառակների տեսքով թողարկելու ուղղությամբ:

Ռեժիսոր Վահե Գևորգյանցն այժմ աշխատում է իր նոր ֆիլմի վրա, որը կոչվում է «Ընտրություն»: Ֆիլմում ներկայացված է լինելու քաղաքական, անձնական և այլ ընտրությունների արդյունքում տեղի ունեցող փոփոխությունների ազդեցությունը մարդու կյանքում: Նկարահանումներն արդեն սկսվել են: Թե երբ պատրաստ կլինի կինոժապավենը, ռեժիսորը դժվարացավ ասել:

IMG_8356
IMG_8357
IMG_8363
IMG_8364
IMG_8367
IMG_8372
IMG_8373
IMG_8375
IMG_8384
IMG_8386
IMG_8397
IMG_8400
IMG_8402
IMG_8404
IMG_8405

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել