Մենք հեղափոխականների հասարակություն ենքՍիրում ենք ասել, որ մենք շատ քաղաքականացված ժողովուրդ ենք: Իսկապես, ուր գնում ես` քաղաքականությունից են խոսում: Համաշխարհային աշխարհաքաղաքական հարցերով մասնագետների թիվը ձգտում է երեք միլիոնի: Երբ հանդիպում ես մարդու, որը չգիտի, թե ո՞վ է Հովիկ Աբրահամյանը կամ Ստեփան Դեմիրճյանը, տխուր մտածում ես. «Ինչ երջանիկ մարդիկ կան աշխարհում, տեսնես՝ պապական ինչ մեթոդներով ա իրան սենց երջանիկ պահում»: Բայց եթե մարդկանց կամ ինքդ քեզ հարցնես, թե Հայաստանում ի՞նչ է նշանակում «քաղաքականություն», ապա շատ դժվար է հստակ պատասխան գտնել: Հիմնականում` որպես քաղաքականություն, ներկայացվում են շատ բաներ, որոնք դրա հետ գրեթե կապ չունեն: Կամ` ավելի լավ է կապ չունենան:

Մենք ինչին ասես քաղաքականություն ենք անվանում, բացի բուն քաղաքականությունից:

Խնդիրը միայն նրանում չէ, որ մենք դեռ երիտասարդ հանրապետություն ենք, քիչ փորձ ունենք և այլն, և այլն: Հարցը նրանում է, որ քաղաքականության հետ տնտեսությունն այնքան սերտաճած է, որ դժվար է մեկը մյուսից տարբերել: Սա հիվանդության պես մի բան է, որը թույլ չի տալիս, որպեսզի իրական քաղաքականություն ձևավորվի: Պատճառն այն է, որ իշխանության մեջ գտնվող վերնախավը նաև կառավարում է տնտեսական հոսքերը և լծակները` հնարավորություն չտալով ընդդիմությանը գտնվել նույն դաշտում, վարել զուտ քաղաքական պայքար:

Որպես հետևանք` ընդդիմադիր ուժերը կամ հիասթափվում և կազմաքանդվում են, կամ նրանք էլ են որոշում խառնել քաղաքականությունը և տնտեսությունը, կամ, ինչպես ժողովուրդն է ասում` ծախվել իշխանություններին: Կամ էլ, ամրապնդվում են ծայրահեղ հեղափոխական գաղափարները. եթե քաղաքական պայքարն անհնարին է, ուրեմն մնում է բռնի ուժը: Եվ այս մտայնությունը գնալով ավելի տարածված է դառնում մեր երկրում: Անկախ Հայաստանի քաղաքական և տնտեսական վերնախավերն առաջին օրվանից իրենց գործելաոճով խրախուսել են հեղաշրջումը և հեղափոխությունը:

Քաղաքականությունը, իմ կարծիքով, պատասխանում է միայն մեկ հարցի, այն է` երկրի և հասարակության անվտանգությունը: Իսկ այժմ դիտարկենք, թե ինչո՞վ են իրականում զբաղված մեր «դիմադիր» և ընդդիմադիր քաղաքական գործիչները և քաղաքական ուժերը:

1. Ընդհանրապես, մեր պետական համակարգը հիմնականում ձևավորվել է բազմաշերտ բուտերբրոդի պես: Մի կողմից` դրանք համակարգված շերտեր են:
2.  Սովետական մնացորդները, որոնք և՛ համակարգային բնույթ ունեն, և՛ ներկայացված են անփոփոխ չինովնիկներով, և՛ ինտեգրված են համակարգի հոգեբանության մեջ:
3. Բազմաթիվ արևմտյան փորձեր են ներկրվել և տեղայնացվել, ընդ որում` հիմնականում առանց հասկանալու դրանց բուն էությունը:
4. Սեփական բյուրոկրատական հնարքների դրսևորում:

Համակարգի դրսևորումները հիմքում ունեն մի քանի հինավուրց սկզբունքներ.
1.  բառադիություն,
2.  ծուլություն, կամ ավելի լավ է` անվանենք` գործ չանելու համար հնարավոր մաքսիմալ էներգիա կորցնելու ունակություն,
3. զոռբայություն և կաշառակերություն։

Սակայն ամենավատն այն է, որ այս բոլոր գործոններից կազմված ապուրը եփվում է ինքնաբուխ` ինչպես կպատահի: Թերևս բոլորս էլ փոքր ժամանակ մի տարայի կամ շշի մեջ ինչ ասես լցրել ենք իրար վրա` շամպուն, մասուրի հյութ, խաշլամայի ջուր, մի քիչ ժավելի սպիրտ, վերջում էլ, համեմունքի փոխարեն, ասպիրինի մի հաբ: Հետո օրերով հետևել ենք մեր այդ «հերոսությանը», թե ինչպես է այս ամենն իրար խառնվում, գունափոխվում, զարհուրելի և անմոռանալի հոտեր արձակում:

Մեր պետական համակարգը մոտավորապես այդպես է ձևավորվել վերջին 25 տարվա ընթացքում. ով ինչ հասցրել է` լցրել է մեջը, առանց եղածն ուսումնասիրելու, առանց ստուգելու, թե նորը հնի հետ կապ կունենա՞, թե՞ ոչ: Մեկը մեկի վրա` մի իշխանությունը մյուսի բոզբաշի վրա իր կանաչին փրթել է և եփել: Հիմնականում, համակարգային փոփոխություն ասվածի տակ մեզ մոտ պատկերացնում են կոնկրետ անձանց այլ կոնկրետ անձանցով փոխարինելը:

Իսկ հասարակ քաղաքացին անընդհատ հանդիպում է պետական համակարգի դրսևորումների, որոնք իրենց իմաստով չեն համապատասխանում իրականությանը:

Պարզ օրինակ բերեմ այն ոլորտից, որտեղ, քիչ թե շատ, բայց վերջին տարիներին ակնհայտ փոփոխություններ եղել են դեպի լավը: Պետավտոտեսուչները միշտ դիտարկվում էին` որպես պատժիչ համակարգի ներկայացուցիչներ (մի պահ վերանանք կաշառքի պահից), տուգանում էին և շարունակում են տուգանել խախտումների դեպքում: Բայց ՊԱՏ-ը պատժելու համար չէ, այլ նրա համար, որպեսզի ապահովի անվտանգ երթևեկություն: Այդ դեպքում ոստիկանը դառնում է ոչ թե վարորդի և հետիոտնի թշնամին, այլ ընկերը: Սա շատ քաղցր կարող է հնչել, բայց այդպես է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել