Yerkir.am-ը գրում է.

Այս պահին նոր կոալիցիայի մասին խոսք անգամ չկա, և ներկայիս կոալիցիայի շրջանակներում աշխատանքները բավականին հաջող ընթացել են. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը:

«Այս պահին երբևիցե խոսք չկա նոր կոալիցիաների կազմավորման մասին, իսկ կոալիցիաները կազմակերպվում են ըստ քաղաքական իրավիճակների»,- ասաց նա, ապա հավելեց. «ՀՅԴ-ի հետ մենք բավականին երկար աշխատել ենք, ընդ որում` նաև սահմանադրական բարեփոխումների ու դրա հետ կապված օրենքների փոփոխությունների հետ, և մինչև այսօր մեր աշխատանքները բավականին հաջող են ընթացել»:

Սահակյանն անդրադարձավ նաև կառավարության մեկ տարվա գործունեությանը և նշեց, որ բավականին առաջընթաց կա: «Կառավարությունը հրապարակել է հաշվետվություն, որում կան և՛ ներդրումային ծրագրեր, և՛ ընդհանուր կատարողականը: Կարծում եմ` մեկ տարվա ընթացքում բավականին մեծ առաջընթաց է տեղի ունեցել»,- ասաց նա:

Սահակյանի կարծիքով` սակայն ազգաբնակչությունը միանգամից չի զգա դրական փոփոխությունները: «Միանգամից էդպես ազգաբնակչության վրա, ընդհանուր առմամբ, հնարավոր չէ, որպեսզի գործի, որովհետև այդ տնտեսական աճը նոր թիվ է և իր հետագա գործունեության ընթացքում աստիճանաբար կգործի նաև ազգաբնակչության համար»,- ասաց նա: 

Իսկ թե որքա՞ն ժամանակ հարկավոր կլինի, որպեսզի բնակչությունը դրական փոփոխությունները զգա, պատգամավորն ասաց. «Նայած, թե ինչպես կկատարենք մեր աշխատանքները, նայած` ինչ քաղաքական պայմաններ կունենանք մեր երկրում, նայած` ինչ օգնություններ կունենանք: Եթե այսպես հանգիստ գնա, ինչպես այս մեկ տարում, կարծում եմ` շատ շուտ»:

Ինչ վերաբերում է 2018 թվականին վարչապետի փոփոխությանը, ըստ Սահակյանի, դրա մասին խոսելը դեռ վաղ է: «Շատ շուտ հարց է:  Միշտ մտածեք, որ միայն վարչապետի կամ ընդհանուր համակարգը փոփոխության շնորհիվ չէ, որ միայն առաջընթաց կա: Քաղաքական թիմը ինքը Հանրապետականն է, և մենք կարծում ենք, որ առաջընթացներ կունենանք»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել