Օրերս մամուլում տեղ գտած հրապարակումները, որ ՌԴ-ն հետաքրքրված է Հայաստանի նախկին եւ ներկա բարձրաստիճան պաշտոնյաների կողմից գողացված գումարների վերադարձի հարցում, լայն քննարկման թեմա դարձավ:
 
Շրջանառվեց անգամ տեսակետ, թե ինչ գին են վճարելու մերոնք դրա դիմաց՝ կարծելով, թե այս բացահայտումով ռուսական կողմը մեր իշխանություններին եւ օգնում է, եւ շանտաժի ենթարկում: Մինչդեռ, երբ տարիներ առաջ ԱՄՆ փոխնախագահ Ալ Գորը վարչապետ Վազգեն Սարգսյանին ցուցակ հանձնեց՝ մեր բարձրաստիճան պաշտոնյաների անօրինական փողերի մասին, դրական ընդունվեց, ու սպասվում էին աղմկահարույց բացահայտումներ: Միայն հոկտեմբերի 27-ի ողբերգության պատճառով կանխվեց սկանդալը՝ նոր ցնցումներ չառաջացնելու համար: Իսկ այն ժամանակ չէր էլ քննարկվում, թե ինչ գին է վճարել Հայաստանի իշխանությունն ԱՄՆ-ին: Ի դեպ, ՌԴ-ի հետ կապված սա վերջին շրջանի միակ թեման չէր: Հետընտրական կարեւոր ինտրիգներից էր, թե արդյոք ՌԴ-ն ճնշում կգործադրե՞ր մեր իշխանությունների վրա՝ ցանկանալով վարչապետի աթոռին տեսնել իր թեկնածուին, որն առաջ կտաներ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ծրագիրը: Սակայն պարզվեց, որ այն դրված չէ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում: Բայց երեւում է՝ սա ձեռնտու չէր ոմանց, ուստի նոր հարց ձեւակերպեցին՝ ի՞նչ գին վճարեցին Հայաստանի իշխանությունները, որ վարչապետի փոփոխություն տեղի չունեցավ:
 
Որոշ պրպտումներից հետո ասպարեզ նետվեց, որ եթե վարչապետը չփոխարինվի ռուսամետ գործիչով, գազի գինը կթանկանա: Դա էլ տեղի չունեցավ: Ստիպված նոր հարց հնչեցրին. ի՞նչ գին են վճարել իշխանությունները, որ գազի գինը չթանկացավ, վարչապետն էլ չփոխվեց: Բարեբախտաբար, մամուլում պարզաբանվեց, որ գազի գինն առաջիկա մեկ տարում չի թանկանա՝ շնորհիվ ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանի: Եթե դա այդպես է, ուրեմն փառք ու պատիվ նրան: Ի դեպ, մենք սովոր ենք, որ բարերարը պետք է պարտադիր սփյուռքահայ լինի, այն էլ՝ հին գաղթական, ոչ թե վերջին սերնդի, որը Հայաստանում չի ապրել, իր հայրենիքն Արեւմտյան Հայաստանն է համարում, իսկ մեր երկրին օգնում է, քանի որ վերջապես հայ ժողովրդին հաջողվել է անկախ պետականություն ունենալ: Այսինքն՝ Քըրքորյանը կամ մեկ ուրիշը սոսկ անձեր չեն դիտարկվում, այլ՝ փողի քսակներ, դրա համար էլ հանգիստ խղճով նրանց հերոսացնում ենք: Իսկ Սամվել Կարապետյանի համար Հայաստանն իր հայրենիքն է, իր հողուջուրը, որտեղ ունի հարազատներ, հարեւաններ ու բարեկամներ: Այս պարագայում նա բոլորի բարերարը չի ընկալվում, եթե անգամ շատ ավելի մեծ ծավալի բարեգործություն է կատարում ու բոլորի համար, այն պատճառով, որ ոմանց համար Կարապետյան ընտանիքը մրցակից է դիտարկվում: Արդյունքում, Կարապետյանների գործը ոչ միայն ըստ արժանվույն չի գնահատվում, այլեւ անգամ քննադատական հրապարակումներ են ոմանք իրենց թույլ տալիս նրանց հասցեին:
 
Մինչդեռ պակաս կարեւոր չէ, որ գազի չթանկանալու դիմաց քաղաքական գին չենք վճարել: Չէ՞ որ վարչապետը համառորեն պնդում էր, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունն աննպատակահարմար է, եւ եվրաինտեգրման վեկտորն անփոփոխ է: Որոշ լրատվամիջոցներ սրանից բխեցրին, թե Տիգրան Սարգսյանը ՌԴ-ի համար անցանկալի անձ է: Թեպետ, դատելով հայ-ռուսական հարաբերություններից, դա ակնհայտորեն այդպես չէ: Սակայն, եթե անգամ այդպես լիներ՝ հետո՞ ինչ: Չէ՞ որ մեր հյուսիսային հարեւան Վրաստանի ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաներն էին շուրջ 10 տարի անցանկալի ՌԴ-ի համար, այլեւ՝ պետությունն առհասարակ: Բայց դա չխանգարեց, որ այդ երկիրը զարգանա ու մեզանից շատ առաջ անցնի: Վրաստանի նոր իշխանությունները, քաջ գիտակցելով, որ այլեւս ՌԴ-ին անտեսելը խոչընդոտում է երկրի զարգացմանը, փորձում են հնարավորինս հարթել տարաձայնությունները՝ զուգահեռաբար պնդելով, որ եվրաինտեգրացիան այլընտրանք չունի: Բայց Վրաստանը զարգացման արեւմտյան ուղին բռնել է, երբ հեղափոխական ալիքը եկել-հասել էր Հարավային Կովկաս, իսկ մեր երկիրը բաց թողեց պատմական պահը: Մինչդեռ Վրաստանն ամեն առիթով դրական օրինակ ներկայացնողներից շատերը ժամանակին ընդդիմանում էին եվրաինտեգրացիան որպես գերակայություն ընդունելուն: Հիմա Վրաստանի եւ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները բավական մոտեցել են իրար, ուղղակի նախկին սխալների պատճառով մենք ավելի անբարենպաստ վիճակում ենք գտնվում:
 
Այնպես որ, եթե կան մարդիկ, որոնց հակացուցված է դրականը տեսնելիս բարձրաձայնել, շուրջներս այնքան թերություն կա, որ սրտի ուզածի չափով կարող են քննադատել եւ նախագահին, եւ վարչապետին, եւ թե ցանկացած նախարարի: Իսկ երբ դրականն են փորձում որպես բացասական ներկայացնել, իսկ ճշմարտությունն ուշ թե շուտ բացահայտվում է, նրանց խոսքի ուժն է պակասում, անաչառությունը կասկածի տակ դրվում, արդյունքում՝ տուժողն առաջին հերթին հենց իրենք են լինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել