Ծավալվում են քննարկումները Քարահունջի շուրջ: Կարծիք հայտնողներից մեկն ասաց, որ զորաց քարերն ամենևին էլ աստղադիտարան չեն եղել: Հիմա ինքը, իր կարծիքը, դա չէ կարևոր: Այո՛, աստղադիտարան է եղել: Եղել են իրենց ժամանակների շրջանակում զարգացած մշակույթ կամ ժամանակը գերազանցող զարգացած քաղաքակրթություն, որ կորել է, ինչպես օրինակ առասպելական Ատլանտիդան: Ի՞նչ ենք ցանկանում մենք ցույց տալ Քարահունջն ուսումնասիրելով, լուսաբանելով ու տեղեկատվությունը տարածելով: Այն, որ նույնիսկ շատ վաղնջական ժամանակներում, մեր նախնիներն ունակ են եղել, ունեցել են քաղաքակրթություն, որն համարժեք է հայի մեր ըմբռնումներին, համարժեք է հետագա ու ներկա պատմության մեջ մեր ազգի ձեռքբերումներին: Որ մենք նույնիսկ այն ժամանակ եղել ենք ինտելեկտուալորեն կարողունակ, որն ամրապնդվել է հետագայում: Չէ՞ որ հենց այդ պատճառով, որ առաջ ունեցել ենք այս տիպի ձեռքբերումներ, մենք առավել քան պետք է մեր վրա աշխատենք հիմա: Այստեղ իրականն ու առասպելականն են զուգակցվում, որպես իրական ու առասպելական աշխարհայացքներ, ու ռեալ ու առասպելական իրականության հարաբերություն: Ովքե՞ր ենք մենք այսօր: Կարող ենք համեմատվել աշխարհում առաջատար պետությունների հետ: Ունենք նրանց նման սոցիալական, տնտեսական, գիտական վերելքներ: Անցյալում մենք ուսումնասիրել ենք աստղերը, իսկ հիմա մեր ժամանակակից աստղադիտարանները, ու գիտությունն առհասարակ, նորմալ չեն ֆինանսավորվում: Լսում ենք բրիտանացի, Եվրոպացի, ճապոնացի ու ամերիկացի գիտնականների հայտնագործությունների մասին, իսկ մեր գիտնականները, եթե նույնիսկ շատ ու շատ խելացի, այնուհանդերձ միջոցներ չունեն զբաղվելու գիտությամբ: Ինչպե՞ս ենք մենք մտածում ու ունենք արդյոք ժամանակի շատ հարցերին ադեկտվատ մոտեցող հասարակություն: Արդյո՞ք պայքարում ենք մեր իրավունքների համար: Թող փոքր երկիր լինելը չմատնանշեն: Հոլանդիան (Նիդեռլանդներ) կամ Շվեյցարիան միգուցե չեն ունեցել Քարահունջ, չեն ունեցել աստղադիտարաններ և ժայռապատկերներին փորագրված խորհրդավոր գրություններ, պատկերներ: Սակայն նրանք այսօր այն են, ինչ կան: Մենք կարող ենք ճանաչում գտնել նաև այսօրվա մեր քայլերով, ստեղծածով, ձեռքբերումներով: Այսօրվա հարգանքն ու ճանաչումը մեզ կօգնեն հենց այսօրվա ու վաղվա համար, իսկ դա կառուցելն հիմա առավել իրական է ու ռեալ, քան անցյալի հարցերի մասին ինչ-որ բան ապացուցելու ձգտումը: Հարգենք անցյալը, կառուցենք այսօրը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել