Facebook ընկերությունը կասկածում է Ռուսաստանին 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ քաղաքական տարաձայնությունների ուժեղացման նպատակով սոցցանցում արշավ իրականացնելու մեջ։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով ընկերության անվտանգության հարցերով գլխավոր մասնագետ Ալեքս Ստամոսին։

Նրա խոսքով՝ 2015 թվականի հունիսից 2017 թվականի մայիս մոտ 470 կեղծ օգտահաշիվների ու էջերի օգնությամբ տարածվել են քաղաքական բնույթի հազարավոր հաղորդագրություններ։

Մասնագետները դա նկատել են գովազդի համար արված ծախսերը վերլուծելիս։ Մոտ 100 հազար դոլար ծախսվել է մոտ 3000 հայտարարությունների վրա՝ կապված 470 կեղծ օգտահաշիվների ու էջերի հետ, որոնք խախտել են ընկերության քաղաքականությունը։ «Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ օգտահաշիվներն ու էջերը կապված են եղել միմյանց հետ և, հավանաբար, ղեկավարվել են Ռուսաստանից»,- ասել է Ստամոսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել