Yerkir.am-ը գրում է.

8 ամիս առաջ` փետրվարի 8-ին, Թալիշում դիպուկահարի  գնդակից զոհվեց ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը: Նա հակադիվերսիոն անվտանգության բարձրացմանն ուղղված կարևոր առաքելություն է իրականացրել: Գեղամը կյանքի գնով կարողացել է ավարտին հասցնել իր գործը՝ կիսատ չթողնելով այն:

8 ամիս` առանց մինուճար որդու… Yerkir.am-ի հետ զրուցել է Գեղամի մայրը` տիկին Արմինան:

Գեղամը ռազմական ճանապարհը սկսել է 17 տարեկանում` բանակ զորակոչվելուց սկսած, «Եղնիկներ» կոչվող զորամասում: Վերջին տարիներին նա ծառայություն էր իրականացնում Մատաղիսում` որպես ինժեներասակրավորական ջոկատի հրամանատար: 2015թ. հոկտեմբերի 11-ին Գեղամը վիրավորվել էր ականի պայթյունից: Վնասվել էր Գեղամի աջ ոտքը, և, դեռ լավ չապաքինված, կրկին մեկնել էր ծառայության: Թեև ծառայության ժամկետը լրացել էր, բայց նա շարունակում էր ծառայել:

Գեղամի հայրն էլ է զինծառայող եղել: Մանուկ հասակից Գեղամը  միշտ հետաքրքրված է եղել բանակով, նրան դուր էր գալիս զինվորական համազգեստը: Տղայի հետաքրքրության կենտրոնը բանակն էր և զինվորական ծառայությունը:

«Գեղամը զոհվեց 21 տարի ծառայելուց հետո: Ապրիլյան պատերազմից հետո նա բազմաթիվ աշխատանքներ է իրականացրել խրամատների, բլինդաժների կառուցման նպատակով: Ապրիլյան պատերազմից հետո շատ լարված էր, շատ էր չարչարվում, գիշերները ուշ էր գալիս, առավոտները` շուտ գնում, անընդհատ վազքի մեջ էր: Ծառայում էր ջանասիրաբար, նվիրված»,- պատմում է տիկին Արմինան:

Մոր խոսքով` Գեղամը աչքի էր ընկնում անհանգիստ բնավորությամբ, չէր սիրում ծույլերին, չէր սիրում նրանց, ովքեր չէին ցանկանում ծառայել: Եվ երբ խոսք էր գնում այն տղաների մասին, ովքեր մտածում էին բանակից խուսափելու մասին, արտագաղթելու մասին, ասում էր. «Դե, նրանք մնում են` ի՞նչ անեն, թող գնան»: Եվ հակառակը` չվարկաբեկելով այլոց, սիրում էր այն մարդկանց, ովքեր մնում են իրենց հողի վրա ու աշխատում:

«21 տարի է` ես` լարված, աչքս` ճանապարհին: Ամեն անցնող օրը, երբ նա ողջ-առողջ տուն էր գալիս, համարում էի հաջողություն: Քնել եմ այն ժամանակ, երբ իմացել եմ` արդեն տանն է: Նրա խոսակցության միակ թեման բանակն էր, չէ՞ որ կյանքը բանակի հետ էր կապել և ուրիշ ոչ մի տեղ չէր աշխատել: Չէի համարձակվում ասել ու համոզել նրան` բավական է,  ծառայության ժամկետը լրացել է,  ոտքդ վիրավոր է, որ դուրս գա ծառայությունից: Չէի համարձակվում ասել, որովհետև նա շատ էր սիրում ծառայությունը: Մենակ մի բան էր ասում. «Մա՛մ, գլուխդ բարձր պահիր»»,- պատմում է մայրը:

Գեղամը գեղեցիկ ընտանիք ունի` կին և երկու երեխա: Գեղամի մոր նպատակը հիմա մեկն է. «Ուզում եմ` առողջությունս ների, որ գոնե Գեղամի երեխաներին պահեմ, մեծացնեմ, իրենց նպատակին հասցնեմ»:

Տիկին Արմինան ուսուցչուհի է: Գեղամի մահվանից հետո, երբ մտել է դասարան, ասում է` աշակերտները փոխվել էին, լուռ էին, լուրջ և կարծես հասունացած:

Մայրը հիշում է որդու ասածները. ապրիլյան պատերազմից հետո Գեղամը վստահ էր`  դեռ մի 20 տարի պատերազմ չի լինելու, և ամեն ինչ լավ է լինելու, ասում էր. «Պետք է պահես հողը, որ նրանք առաջ չգան: Ուրիշը, ուրիշ պետությունը մեր հողը չի պահելու, մենք ու մեր երեխաները պետք է հողը պահենք»:

Մայրը, արցունքն աչքերին, հիշում է Գեղամի վազքը` այն էլ վիրավոր ոտքով`  հենակով մի կերպ քայլելով: Այդ չարաբաստիկ օրն իր առաջադրանքը կատարելիս, Գեղամը մի պահ ընկերներին ասել է. «Զգում եմ, այստեղ ինչ-որ բան այն չէ»: Քիչ անց դիպուկահարի գնդակը դիպել է ուղիղ սրտին…

Գեղամին զինվորները շատ են սիրել, հարգել: Ծննդյան օրը հեռախոսազանգերը չեն դադարել, զանգում էին թե՛ Արցախից, թե՛ Հայաստանից, թե՛ զինվորները, թե՛ նրանց ծնողները` ասելով. «Շնորհակալություն, կամանդի՛ր, գոհ ենք, որ մեր տղաները քո հրամանատարության ներքո են ծառայել»:

Հ.Գ. Գեղամի ընկերները Մարտակերտում կանգնեցնելու են հերոսի  հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող: Այն կտեղադրվի Գեղամ Մանուկյանի մահվան տարելիցին` փետրվարին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել