Գիտեմ, որ հիմա իրավունք չունեմ խոսել ու դեռ երկար ժամանակ չեմ ունենա... Գլուխները բոլորի տաք կլինեն՝ ազգի դավաճան դուրս կգամ: Գիտեմ նաև, որ շատերն ամեն ինչ անելու են այդպես ներկայացնելու համար: Մինչ օրս որքան կասկածելի մարտավարություններ, անհետևողական ու կասկածելի հայտարարություններ, տարակուսելի վարքագծեր տեսել եմ բողոքի այս ալիքի լիդերների մակարդակում, բարձրաձայնել եմ: Արդյունքում արժանացել եմ զոմբիի, նախանձի և բազմաթիվ այլ պիտակումների, թեպետ ընդամենը նպատակ եմ ունեցել ինչ-որ կերպ ասելիքս տեղ հասցնելու, քանի ուշ չէ: Հիմա էլ եթե ասեմ այն, ինչ մտածում եմ, վստահ եմ, հարձակումից բացի, այլ բանի չեմ արժանանալու:

Այս ամենը հաշվի առնելով՝ արդեն վաղուց ցանկանում էի քաղաքական իմ գաղափարակիցներին, պայքարի իմ ընկերներին մի կոչ անել, սակայն չէի համարձակվում: Բայց հիմա, կարծում եմ, ժամանակն է, որ թույլ տամ ինձ դա անել: Ով կընդունի, կընդունի, ով՝ ոչ, իր իրավունքն է:

Կոնգրեսի համակիրները, ընդդիմադիր դաշտում լինելով հավանաբար ամենաքաղաքականացվածներն ու տարիների փորձով կոփվածները, դեռ 1-2 տարի առաջ սկսեցին ցուցաբերել բավականին սուր և «բռնացնող» միտք՝ ընդամենը լրատվական դաշտին ու մի քանի կողմնակի դեպքերին հետևելով գլխի ընկնել մի շարք երևույթների ու մարդկանց վեկտորների մասին ավելի շուտ, քան լայն հանրությունը կարող էր նկատել: Բնականաբար, ցանկություն ունենալով հնարավորինս արագ նախազգուշացնել դեռ գլխի չընկածներին՝ գլխի ընկնելուն պես սկսում էին բարձրաձայնել: Արդյունքում արժանանում էին այլանդակագույն պիտակների, հարձակումների ու վիրավորանքների: Ընդամենը 1-2-3 ամիս անց լայն հանրության համար (որն այդքան ինտենսիվ չի հետևում միտումներին) ամեն ինչ դառնում էր տեսանելի, բայց հայտնի անեկդոտի նման ստացվում էր, որ «осадок то остался»: Արդյունքում նրանք ճիշտ էին դուրս գալիս, սակայն չարի, ֆանատիկոսի պիտակը մնում էր: Եվ էդպես անընդհատ. հերթական բանը բացահայտվում ու բարձրաձայնվում էր իրենց կողմից, դրան հետևում էին հարձակումներ, որից հետո դա պարզ էր դառնում նաև հարձակվողների համար, բայց հարձակվողները դառնում էին բարիներ, իսկ շուտ կռահածները՝ չարեր:
Սրա արդյունքում է, որ վերջիններիս նկատմամբ արդեն տարիներ շարունակ ձևավորվել է այդ պիտակը, բայց նրանք համառորեն շարունակում են իրենց կռահածն անմիջապես բարձրաձայնել՝ առանց հաշվի առնելու՝ որքանով է դիմացինը պատրաստ դա լսել:

Այսօր տեղի էր ունենում նույնը. հետևում էի ու մտածում՝ մի՞թե չեք հասկանում, որ մեկ ժամ շտապել եք, մեկ օր շտապել եք: Էլի դուք ճիշտ եք դուրս գալու, բայց հասկացեք՝ բոլորը թքած ունեն ճիշտ ու սխալի վրա ու բացի «осадок»-ից, էլի ոչինչ չի մնալու՝ դուք դառնալու եք չարը, իրենք՝ բարին:

Շատ երկար գրեցի, բայց ուզում էի տարիների ընթացքում կուտակածս տեղ հասցնել ու մի խնդրանք ուղղել իմ գաղափարակիցներին. երբ մի բան կռահում եք, պարտադիր չէ առաջինը բարձրաձայնեք: Սպասե՛ք մի փոքր, և երբ կզգաք, որ ավելի լայն հանրությունը մոտ է ընկալելու, նոր բարձրաձայնեք: Դուք դրանով միա՛յն օգուտ կտաք ձեզ և դիմացինին: Դիմացինը ստիպված չի լինի իրեն ճնշված ու «չարության» մեջ զգալ, դուք էլ ստիպված չեք լինի մշտապե՛ս կրել չարունախանձի պիտակը, և բացի այդ՝ ձեր խոսքն ավելի ընկալելի կլինի:

Բնական է՝ ասածս ունի վերապահումներ, սակայն իրոք խնդրում եմ իմ ընկերներին զերծ մնալ որոշակի գրառումներից... ով հասկանալու է, շուտով կհասկանա, իսկ դուք գոնե մե՛կ անգամ «բաց կթողնեք» հերթական անգամ վատն ու նախանձը պիտակվելու ու այդ «осадок»-ը ամրացնելու առիթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել