Սեպտեմբերի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա երգիչ Հայկոյի  «Սիրո հավերժ քաղաք» խորագրով մենահամերգը: Տասը տարի ընդմիջումից հետո երգիչը կրկին բեմում է և կուրախացնի իր հանդիսատեսին նոր և արդեն սիրված երգերով: Առաջիկա մենահամերգի անակնկալների, հանդիսատեսի հանդեպ իր պատասխանատվության և ակնկալիքների մասին Հայկոն պատմել է BlogNews.am-ին: 

«Համերգին բավականին լուրջ ենք վերաբերվել։ Կարծում եմ՝ հանդիսատեսը կսիրի և կգնահատի այն աշխատանքը, որը կատարել ենք: Ամեն ինչին բավականին մանրակրկիտ ենք մոտեցել՝ սկսած երգերի ընտրությունից մինչև բեմի վրա կատարվող շոուն: Հրաչ Քեշիշյանի մտահղացումն էին էկրանին ցուցադրվող տեսանյութերը, որոնք նկարահանվել են հատուկ համերգի համար: Համերգի սկզբում հանդիսատեսը սկզբից կվայելի իմ հին ռոմանսները, որից հետո կլինեն ֆիլմի սաունդթրեքները»,- նշում է Հայկոն:  

Հայկոն նշում է, որ իր կողքին են այն մարդիկ, որոնց հետ արել է նաև նախորդ մենահամերգը: Դրանք նրա ընկերներն են և պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր լավ գիտեն իրենց աշխատանքը՝ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, պրոդյուսեր Իրինա Վարդանյանը և, իհարկե, կինը՝ Անահիտ Սիմոնյանը, ում դիզայնով էլ կարվել են երաժիշտների հագուստները, բենի դիզայնով զբաղվել են Գագա և Նառա Ամատունիները, իսկ Կարեն Վարդանյանը և Արմեն Մխոյանը կապահովեն որոկյալ ձայնը: Իսկ բեմում կլինեն Երևանի լավագույն երաժիշտները: 

«Համերգին մենք փորձել ենք յուրահատուկ մոտեցում ցույց տալ: Չեմ սիրում անընդհատ գովել, խոսել, բայց, միանշանակ, հետաքրքիր բան է ստացվել: Մեզ հետ է աշխատում լուսային էֆեկտների լավագույն ռեժիսորը՝ Կարենը: Հիմա հնարավորություն ունենք համերգից առաջ բոլոր երգերը նախադիտելու։ Այս հնարավորությունը դեռ այն ժամանակ, երբ համերգ էի տալիս, չկար»։

Մոտ երկուսուկես ժամ տևողությամբ համերգի ժամանակ անակնկալներ սպասվում են, սակայն հետաքրքրությունը պահելու համար Հայկոն որոշեց լռել. «Բեմում կտեսնեք երկու սիրված երգչուհիների և իմ կոլեգաներից մեկին: Դեռ անուններ չեմ նշի, բայց, միանշանակ, հանդիսատեսի սպասումները կարդարացվեն»:

Ի դեպ, Հայկոն համերգից հետո նոր ձայնասկավառակ կթողարկի, և նույն համերգային ծրագրով կլինի Հայաստանի մի քանի մարզերում:

Մենահամերգի աջակիցներն են «Ջազվեն», «Վիվարոն», «Զեթ ընդ Էյը» և «Նյու Յորքերը»: Ի դեպ, Հայկոն բեմում կլինի հատուկ իր համար կարված Ermenegildo Zegna-ի կոստյումով:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել