Արդեն այսօր Յուքոմ ցանցում հեռարձակվող Արմենիա Պրեմիում հեռուստաալիքի եթերում մեկնարկում է «Film factory»-ի 25 մասից բաղկացած «Միլիոնը թակարդում» նոր բազմասերիանոց հեռուստաֆիլմը:

Դետեկտիվ դրամայի ժանրում նկարահանված «Միլիոնը թակարդում» նախագծի հեղինակներն ամեն ինչ արել են՝ հեռուստադիտողին հետաքրքիր, բովանդակալից ու ինտրիգներով հարուստ հեռուստասերիալ մատուցելու համար: Որքանո՞վ այս նախագիծը հետաքրքիր կլինի լսարանին և ինչի՞ մասին է այն. BlogNews.am-ը թեմաների շուրջ զրուցել է ֆիլմում կերպարներից մեկին մարմնավորած դերասանուհի Նաիրա Մովսիսյանի հետ.

«Ստեղծագործական թիմի հետ սա իմ առաջին համագործակցությունն է: Զանգահարեցին, ասացին, որ քասթինգ կա, ցանկություն ունեն ինձ էլ փորձել: Գնացի, մասնակցեցի քասթինգին ու անցա»: Դերասանուհին նշում է, որ շատ ուրախ է, որ դերում հաստատվել է քասթինգից հետո, այլ ոչ թե միանգամից. «Դա շատ նորմալ է ու պրոֆեսիոնալ, երբ դերասանը դերում ընտրվում է քասթինգի արդյունքում: Ցավոք սրտի, բոլորը չեն այսպես աշխատում»: Ինչ վերաբերում է իր մարմնավորած կերպարին, Նաիրան նշում է, որ սկզբում կարծում էր, թե էլի մարմնավորելու է մեկին, որը պիտի ամեն ինչ քանդի իր շուրջը, բայց. «Ընթացքում պարզվեց՝ կերպարն ունի մի անցյալ, որի հետ կապված տարիների ընթացքում էլ դարձել է այնպիսին, ինչպիսին կա՝ սառը, պահանջկոտ, շահամոլ: Խաղալու համար շատ հետաքրքիր կերպար է»:

Նաիրան նշում է, որ ստեղծագործական կազմից, բացի օպերատորից, ուրիշ ոչ մեկի հետ չի աշխատել նախկինում, սակայն ձևավորված ջերմ ու աշխատանքային մթնոլորտում շատ հեշտ է ստացվել աշխատելը:

Ֆիլմում Նաիրայի գլխավոր խաղընկերը դերասան Արթուր Պետրոսյանն է, ով, ըստ սցենարի, հերոսուհու ամուսինն է: Դերասանուհին նշում է, որ էկրանի վրա հեռուստադիտողը տեսնելու է ընտանեկան հարաբերությունների այնպիսի իրավիճակներ, որոնք կարող են կատարվել յուրաքանչյուր մարդու հետ.

«Այս ֆիլմի շնորհիվ հեռուստադիտողը շատ բաների մասին կսկսի մտածել, շատ երևույթների կսկսի այլ կերպ նայել ու վերլուծել, որովհետև, ճիշտ է, ֆիլմն ընդամենը 25 մասից է բաղկացած, բայց ամեն սերիայում այնպիսի զարգացումներ են տեղի ունենում, որ անակնկալի են բերում: Անգամ որպես դերասանուհի, ում ձեռքի տակ ֆիլմի սցենարն էր, բոլորովին այլ վերջաբան էի պատկերացնում, բայց ամեն ինչ շատ անսպասելի ընթացք ու ավարտ է ունենում: Հեռուստադիտողին այս ֆիլմը հաստատ կպահի սպասման մեջ,- նշում է Նաիրան:- Ուրախ եմ, որ նման նախագծում ունեցա իմ մասնակցությունն ու շնորհակալ եմ համագործակցության համար ստեղծագործական ողջ թիմին»,- եզրափակեց Նաիրան:

Հիշեցնենք, որ ֆիլմի գլխավոր դերակատարներն են Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Արման Նշանյանն էլ ֆիլմում ունի էպիզոդիկ, սակայն առանցքային դերակատարություն: «Միլիոնը թակարդում» նոր հեռուստասերիալին կարող եք հետևել այսօրվանից՝ Արմենիա Պրեմիում հեռուստաալիքի երեկոյան եթերում:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել