Մի քանի ՀԿ-ի և լրագրողական կազմակերպության տարածած հայտարարությանը հիմա կարճ կանդրադառնամ, հետո` առավել մանրամասն: 
Դատական նիստերի ժամանակ ծառայություն իրականացնող դատական կարգադրիչի գործառույթն ու լիազորությունը հենց դատարանի որոշումն իրականացնելն է. դուք այն ձեր հայտարարության մեջ բնորոշում եք` «ուժի գործադրմամբ խոչընդոտվել է» ձեր օրինական մասնագիտական գործունեությունը: Այսօր, Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստից առաջ, դուք տեղեկացված էիք, ավելին՝ ներկա լրագրողների գրեթե յուրաքանչյուրի հետ նախապես զրուցել և կրկին տեղեկացրել եմ, որ տեսագրելը և հեռարձակելն արգելող որոշում է կայացվել դատարանի կողմից, նիստին` վկաներին լսելու հանգամանքով պայմանավորված, և որ կարգադրիչները պիտի կատարեն դատարանի որոշումը: Այսօր, երբ նիստը մեկնարկեց, լրագրողները, վաղուց իրենց տեղերը զբաղեցրած, անխոչընդոտ իրենց մասնագիտական գործունեությունն էին իրականացնում, առանց տեսագրելու, բնականաբար: Ու ոչ մի խզում չկար կարգադրիչ-լրագրող փոխհարաբերություններում, ինչպես այս գործով նախորդ բազմաթիվ նիստերի ընթացքում, որոնց միասին մասնակցել ենք: Ու ի՞նչ... Երբ հայտնի Գասպարին, անհարգալից վերաբերմունք դրսևորելով դատարանի նկատմամբ, սկսեց կոպտորեն խանգարել նոր սկսված նիստը, դուք էլ ձեր տեսաձայնագրությունները պիտի միացնեի՞ք` մոռանալով դատարանի որոշման մասին, որը նախապես ընդունել և մասնակցում էիք առանց տեսագրության: 
Ես, իհարկե, հասկանում եմ, որ ձեզնից ոմանք հայտնի Գասպարիին նոր դիրքով տեսագրելու գայթակղությանը գուցե չեն դիմանում, ավելին՝ երբեմն այն աստիճան են կարևորում, որ էլ հաշվի չեն առնում դատարանի որոշումը, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հանգամանքը, իր գործառույթներն իրականացնող համազգեստ կրող կարգադրիչին և էլի գրված ու չգրված կանոններ: Բայց... գեղեցիկ չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել