Մեկնարկել է «Ֆուլ Հաուս» նախագծի 7-րդ եթերաշրջանի նկարահանումները: Սա նախագծի վերջին եթերաշրջանն է, իսկ սիթքոմը եթերում կլինի աշնանը՝ հոկտեմբերի 9-ից:«Հեռուստադիտողին սպասվում է այն ինչ եզրափակիչ սերիաներում ուզում են տեսնել, բայց կլինեն այնպիսի զարգացումներ, որ գուցե հեռուստադիտողը չէր ուզում տեսնել, կամ անգամ չէր սպասում: Մենք ուզում ենք այնպես անել, որ «Ֆուլ Հաուսը» լինի հայկական իրականության մեջ հեռուստասեսային միակ նախագիծը, որը նույնքան լավ վերջանա ինչպես սկսվել էր»,-BlogNews.am-ի հետ զրույցում նշեց նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը:
«Ֆուլ Հաուս»-ի 7-րդ եթերաշրջանում, հիմնական կազմին միացել են Մկրտիչ Արզումանյանը և Էլեն Ասատրյանը: Մկրտիչը մարմնավորելու է Մուշեղի հորը, իսկ Էլենը՝ լրագրողի, ով կլինի սիթքոմի մի քանի սերիաներում: «Մկրտիչ Արզումանյանը կլինի հենց սիթքոմի առաջին իսկ սերիաներից, ում շուրջ էլ կառուցված է գրեթե ամբողջ եթերաշրջանը: Նրա պատմությունը հիմնական պատմություններից է նախագծի, բնականաբար չենք մոռանում նաև մեր գլխավոր դերակատարներին: Ի դեպ սիթքոմի կեսերին միանում է նաև Հրաչը՝ Մոսոյի կերպարը, ով ԱՄՆ-ից կվերադառնա նկարահանումներին մասնակցելու համար»,-եզրափակեց Արմենը:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի