«Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Պատանի հանդիսատեսի թատրոնը շուտով նոր գեղարվեստա­կան ղեկավար կունենա: Հակոբ Ղազանչյանը, ով 1997-ից ղեկավարում է թատրոնը, մոտ երկու ամիս առաջ աշխատանքից ազատման դիմում է գրել: Թե որն էր պատճառը, Հակոբ Ղազանչյանն ասում է, որ միության աշխատանքներով և արտասահ­մանյան հրավերներով պայմանավոր­ված, վերջին շրջանում քիչ ժամանակ էր հատկացնում թատրոնին. «Ինձ թվաց, որ թատրոնն արժանի է ավելի մեծ ուշադրության, և որոշեցի դուրս գալ: Ուզում եմ ասել, որ դա իմ որո­շումն է ու այն որոշումներից է, որին կոլեկտիվը դեմ էր ու մինչև հիմա դեմ է, խնդրում են, որ հետ գնամ, բայց ես այլևս չեմ ուզում»:

Ինչ վերաբերում է արդեն իր նախկին պաշտոնին հավակնող թեկ­նածուներին ու շրջանառվող անուն­ներին, ապա, Ղազանչյանի կարծի­քով, լավ է, որ անուններ կան. «Շատ վատ կլիներ, եթե մոլորված մտածե­ինք, թե ով է լինելու: Անուններ կան, բոլորն էլ արժանի մարդիկ են»: Այն դիտարկմանը, որ հիմնականում Վիգեն Ստեփանյանի և Դավիթ Հարու­թյունյանի անուններն են շոշափվում, Հակոբ Ղազանչյանն ասաց. «էլի անուններ են շոշափվում, ես չեմ կա­րող վստահ ասել, համենայնդեպս, ինձ ասացին, որ մարդկանց թեկնա­ծություններ կան: Էլի եմ ասում՝ բո­լորն էլ արժանի մարդիկ են, թեկուզ հենց Վիգեն Ստեփանյանի և Դա­վիթ Հարությունյանի վերաբերյալ, երկուսն էլ արժանի են և կարող են լինել»:

Հակոբ Ղազանչյանը շտապում է ճշտում մտցնել, քանի որ թատրոնը քաղաքապետարանի ենթակայու­թյան տակ է, և սա էլ ոչ թե տնօրենի, այլ գեղղեկավարի ընտրություն է, ապա ընտրելու է ոչ թե կոլեկտիվը, այլ նշանակելու է քաղաքապետարա­նը, կոլեկտիվի կարծիքը կարող է կամ հաշվի առնվել, կամ ոչ. «Ի սկզբանե դեմ եմ այն սկզբունքին, որ կոլեկտի­վը որոշի՝ իրեն հարմար մարդ գա ղեկավարի: Ես գտնում եմ, որ պետք է նշանակի վերադաս մարմինը, ու ինքն էլ պատասխանատու լինի այն մար­դու համար, ում նշանակել է, ոչ թե հետո ասի՝ դուք այդպես ուզեցիք, և ձեր ուզածով եղավ»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել