...առաջին հերթին հենց ազգայինն է վտանգված։ Ազգայինը ոչ հայկական տարազ է, ոչ էլ գեղջկական փափախ։ Ազգայինը մտածելակերպ է, հոգեբանություն, որակ… Մենք կարող ենք բեմադրել Շեքսպիր, որը լինի խորապես ազգային, եւ կարող ենք բեմ բարձրացնել որեւէ հայկական կերպար, որը ոչ մի կապ չունենա ազգայինի հետ։ Ազգայինի խնդիրը տեսակի խնդիր է, հայի տեսակի, որն աղավաղվում-աղճատվում է այսօր օտար ազդեցությունների ագրեսիայից։ Ի՞նչ օրինակ բերեմ. հայ կինը պետք է ձեռքով ծածկի, վար քաշի փեշը, եթե քամին բարձրացրել է այն։ Եթե հայ կինը մի բան էլ օգնեց քամուն, որ փեշը ավելի վեր բարձրանա, կորցնում է իր ձգողական ուժը հայ տղամարդու համար։

Ազգայինը մեր լեզուն է՝ իր հնչյուններով, առոգանությամբ։ Որքան էլ անգլերենը երգեցիկ լինի, գեղեցիկ լինի, էդ փափկությունը, ելեւէջները մերը չեն։ Գաղափարախոսությունը մերկապարանոց քարոզ չէ, ոչ էլ հայրենիքի ու ազգայինի պաթետիկ գովերգում։ Ամերիկյան յուրաքանչյուր ֆիլմում, երգի մեջ (խոսքը արժեքավոր գործերի մասին է) գաղափարախոսություն կա, իրենցը սիրել տալու, ամերիկյանը մեծարելու հատուկ ծրագիր։ Ոստիկանների մասին ֆիլմ է. ընտրված են գեղեցկուհի դերասանուհիներ, առնական տղամարդիկ՝ խիզախ, անձնվեր, առաքինի, պատվախնդիր, ամեն ինչով կատարյալ։

Իսկ մենք ի՞նչ ենք անում մեր արժեքները սիրել տալու համար՝ մեր հայրենիքը, քաղաքը, զինվորին, սպային, ոստիկանին, մտավորականին, հասարակ հայ մարդուն… մի բան էլ ասեմ՝ հայրենասիրական մղումներ են արթնացնում ոչ միայն պատերազմի կամ ազգային հերոսների մասին պատմող գեղարվեստական ստեղծագործությունները։ Ես ավելի ազգային ու հայրենասիրական ստեղծագործություն չեմ կարդացել, քան Թումանյանի <Անուշը> կամ <Շունն ու կատուն>։

KHOREN ABRAHAMYAN

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել