«Նվագախմբի երեխաներ» նախագծում նկարահանվում է նաև Գրիգոր Դանիելյանի որդին՝ Ալբերտոն, ով ինչպես և մյուս երեխաները, անցել է քասթինգ: BlogNews.am-ի հետ զրույցում Գրիգորը պատմել է որդու դերի, հետաքրքրության և ամենակարևոր խորհուրդների մասին, որ տալիս է Ալբերտոյին:

««Նվագախմբի երեխաների» մասին իմացել եմ նախագծի պրոդյուսերներից մեկից՝ Ալեքսանդր Մհերյանից, ով ասաց, որ Հայաստանի տարբեր երաժշտական դպրոցներում, ստուդիաներում անցկացվում է քասթինգ: Քասթինգ անցկացվեց նաև մեր ստուդիայում, որի ժամանակ էլ ներգրավեցինք Ալբերտոյին: Արդյունքում մեր ստուդիայից Հայկուհին անցավ և Ալբերտոն, ում ևս համարում ենք մեր ստուդիայից, քանի որ նա էլ մեր դասերին գալիս, մասնակցում է»:

Գրիգորն ասում է, որ քասթինգն անցնելուց հետո պատասխանատվությունը մեծացել է. «Բնականաբար, ամենաօբյեկտիվ գնահատականը տղայիս հետ կապված կարող եմ ես տալ: Երբեք չեմ սիրում, երբ ասում են՝ իմ երեխան ամենալավն է: Ասել են՝ երգել սովորի, սովորել է, ես ինքս չեմ նստել, հետը պարապել: Ցանկությունս եղել է, որ ինքն իր աշխատասիրությամբ անցնի, ոչ թե որ իր հայրը հեռուստատեսությունում է: Դա շատ կարևոր եմ համարում, քանի որ ինձ երբեք ոչ ոք չի օգնել, և ես իմ աշխատասիրության շնորհիվ եմ հասել այս ամենին, և ցանկությունս նաև այն է, որ նա էլ իր աշխատասիրության արդյունքում հասնի դրան: Հեռուստատեսության որոլտում հետագայում կաշխատի, թե ոչ, դա թող ինքը որոշի, բայց ամենակարևորը իր աշխատասիրությունն է»:  

Նախագծում երեք կերպար կա՝ Լյուդվիգ, Վան, Բեթհովեն: Ալբերտոն մարմնավորում է Լյուդվիգին: Նրանք դպրոցի պատուհասներն են, բայց, միևնույն ժամանակ, շատ համով կերպարներ են, ովքեր շոկոլադի դիմաց պատրաստ են անել ամեն ինչ:

«Ալբերտոն չէր պատկերացնում, որ կարող է գնալ նկարահանման և, օրինակ, երեք ժամ սպասել իր տեսարանին, նկարահանվել և հետո մի երեք ժամ սպասել մյուս տեսարանին: Գալիս, ասում էր՝ պապա, այսօր շատ նկարահանվեցի, բայց երկար սպասել եմ: Իհարկե, ես ասում եմ՝ պետք է դիմանաս, բա գիտես՝ ինձ համար հե՞շտ է»:)

«Սցենարը տասներկու մասից է. Ալբերտոն ոչ բոլոր սերիաներում է ներգրաված։ Ասում է՝ պապա, ես ինչո՞ւ բոլոր սերիաներում չկամ: Ասացի՝ արի, տղաս, և բացեցի մեր Երևան նախագծի սերիաներից մեկը, որտեղ շատ փոքրիկ մասում էի նկարվում ես: Ասացի՝ նայիր՝ ինչքան կամ ես և հետո իմ աշխատասիրության շնորհիվ ես կարողացել եմ ավելացնել այդ ամենը: Բնականաբար, դրա հաշվին է այդ ամենը, և դու էլ պետք է քեզ լավ դրսևորես, որպեսզի քեզ շատ դերեր տան: Եթե քեզ լավ չդրսևորես, քո դերերը կքչանան, ավելին՝ դուրս կմնաս: Ես հուսով եմ՝ իմ ասածների որոշ տոկոսը հասել է տեղ, և դա միայն օգուտ կլինի հետագայում նրան»:

Գրիգորը նկարահանման հրապարակ չի գնում, ասում է՝ տեսակով այնպիսին է, որ չի սիրում խառնվել ուրիշների աշխատանքին: Միայն կենցաղային հարցերը կարող են Գրիգորին տանել նկարահանման հրապարակ, օրինակ՝ սնվել է Ալբերտոն, թե ոչ:

«Ամեն դեպքում ես ներքին համոզմունք ունեմ, որ նախագիծն իր տեսակով տարբերվում է այսօրվա հեռուստատեսային բոլոր նախագծերից միայն նրանով, որ մանկական սիթքոմ է, իսկ հայկական իրականության մեջ չկա նմանատիպ բան: Կարծում եմ՝ հաջողության գրավականներից մեկն էլ կլինի այն, որ իսկապես նորություն է և հետագայում էլ, բնականաբար, լավ աշխատանքի շնորհիվ դրական գնահատականի կարժանանա»,-եզրափակեց Գրիգորը: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել