Tert.am-ը գրում է.

Այս ամառ, անցյալ տարիների համեմատ, դեպի Հայաստան բժշկական տուրիզմի նպատակով այցելությունների թիվն աճել է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի դոցենտ, «Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտի» պլաստիկ ու դիմածնոտային վիրաբուժության բաժնի վարիչ Հայկ Ենոքյանը՝ հավելելով, որ բժշկական տուրիզմը Հայաստանում կայացած ոլորտ է և տարեցտարի այս նպատակով զբոսաշրջիկների ներհոսքն աճում է:

Նրա խոսքով՝ արտասահմանից շատ տուրիստներ Հայաստան են գալիս են հենց բժշկական սպասարկում ստանալու նպատակով, ընդ որում՝ տուրիստները ոչ միայն ազգությամբ հայեր են, այլ նաև այլազգի զբոսաշրջիկները:

«Նախկինում եթե միայն սփյուռքահայերն էին, ապա հիմա նաև այլ ազգությունների զբոսաշրջիկներն են գալիս: Աշխարհագրությունը շատ մեծ է, բժշկական տուրիզմի նպատակով Հայաստան են գալիս Շվեդիայից, Դանիայից, եվրոպական այլ երկրներից, Իրանից, ԱՄԷ-ից և այլն»,- նշեց նա:

Հայկ Ենոքյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում զբոսաշրջիկներին հետաքրքրող հիմնական պլաստիկ վիրահատությունը քթինն է: Ըստ նրա՝ օտարերկրացի կոլեգաներն արդեն ընդունում են, որ Հայաստանի բժիշկները քթի վիրահատության հարցում գերազանցել են բոլորին. «Եթե մի վիրահատություն շատ ես անում, արդեն ավելի շատ հմտություններ ես ձեռք բերում»,- ընդգծեց պլաստիկ վիրաբույժը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել