Azatutyun.am-ը գրում է.

«Խոսրովի անտառ» արգելոցում օգոստոսի 12-ին բռնկված և հինգ օր շարունակված հրդեհը վերջնականապես մարվել է:

Այսօր Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ խնդիրը լուծված է․ - «Խնդիրը գտնվում է Հանրապետության նախագահի և վարչապետի անմիջական հսկողության ներքո, և կարծում եմ, որ այս պահին ըստ էության խնդիրը լուծված է»:

Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը գործադիրի նիստում նշեց, որ ըստ նախնական տվյալների՝ հրդեհի հետևանքով «Խոսրովի անտառ» արգելոցում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հեկտարը՝ անտառներ:

ԱԻՆ ներկայացուցիչը նաև ներկայացրեց, թե ինչով էին պայմանավորված հրդեհաշիջման աշխատանքների դժվարությունները․ - ««Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են երեկ՝ օգոստոսի 16-ին: Պետք է նշել, որ մի քանի օր տևած հրդեհաշիջման աշխատանքներն անցնում էին չափազանց անբարենպաստ բնակլիմայական պայմաններում՝ լեռնային բարդ ռելիեֆ, տևական երաշտից չորացած խոտածածկ տարածքներ, հրդեհի արագ տարածմանը նպաստող քամիներ: Իրավիճակը ամբողջովին գտնվում է վերահսկողության տակ: Ներկա պահին արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ՝ 2.5 կիլոմետր պարագծով և 3 կիլոմետր խորությամբ: Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը շարունակում է օդային հրդեհաշիջման աշխատանքները՝ ստեղծելով անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր՝ օջախների կրկնակի բռնկումը բացառելու նպատակով»:

Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ ամբողջովին ավարտվել են օգոստոսի 10-ից Վայոց ձորի մարզի Արտավան համայնքի շրջակայքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները: Այնտեղ այրվել է շուրջ 15 կմ պարագծով խոտածածկ տարածք, որից 320 հեկտարը՝ անտառներ:

Դավիթ Կարապետյանն ընդգծեց, որ վերջին տարիներին փրկարարների արդյունավետ աշխատանքը հանրության մոտ տպավորություն է ստեղծել, որ ցանկացած արտակարգ իրավիճակ հնարավոր է րոպեների ընթացքում մեկուսացնել, սակայն, ըստ փոխնախարարի, անտառային հրդեհներն այլ են․ - «Անտառային խոշոր հրդեհները լուրջ մարտահրավեր են անգամ աշխարհի ամենազարգացած պետությունների համար: Սա բնավ արդարացման համար չէ: Ինչպես յուրաքանչյուր խոշոր արտակարգ դեպքի ժամանակ, այնպես էլ այս հրդեհների վերաբերյալ ԱԻՆ-ում կիրականացվեն մանրակրկիտ ուսումնասիրություններ, կարվեն մասնագիտական հետևություններ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել