Սեպտեմբերի 4-ից Յուքոմ ցանցում հեռարձակվող Արմենիա Պրեմիում հեռուստաալիքի եթերում կմեկնարկի նոր, 25 մասից բաղկացած «Միլիոնը թակարդում» հեռուստասերիալը: Հեռուստաֆիլմը դետեկտիվ դրամա է, որը տարբերվելու է սցենարային կառուցվածքով, դինամիկ զարգացումներով ու խճճված ինտրիգներով:

«Սեպտեմբերին Ucom ընկերությունը հանդես է գալու նոր առաջարկներով ոչ միայն շարժական կապի բաժանորդների, այլև ֆիքսված ծառայություններից օգտվող հաճախորդների համար: Վերջիններիս գոհունակության ապահովման համար շարունակում ենք նպաստել նոր և որակյալ հեռուստաբովանդակության ստեղծմանը»,- նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հեռուստասերիալի գլխավոր դերակատարուհին Սոֆյա Պողոսյանն է, ով BlogNews.am-ի հետ զրույցում մանրամասներ է պատմել. «Այս հեռուստասերիալում ինձ շատ գրավեց սցենարը: Իմ կերպարն էլ շատ հետաքրքիր էր այն առումով, որ տարբերվում էր կերտածս մնացած կերպարներից: Կարևորը, որ այս նախագծում սցենարիստը հաշվի է առել դերասանի տեսակը, թե ինչ առանձնահատկություններ ունի և կարծում եմ՝ դա դրական է ազդել կերպարի ստեղծման վրա: Ամեն դեպքում ինձ համար շատ հեշտ է եղել աշխատել նկարահանող խմբի հետ, չնայած որ մեր առաջին համագործակցությունն էր»:

Սոֆիայի հերոսուհին՝ Լուիզան, կայացած փաստաբան է՝ իր համոզմունքներով և աշխարհայացքով: Ունի ընտանիք և իր կարծիքով՝ արդեն դասավորված և կայուն կյանք: Բայց ճակատագրի բերումով մեկ օրում ամեն ինչ գլխիվայր շրջվում է, և հերոսուհին հայտնվում է չնախատեսված իրավիճակում. «Բավականին հետաքրքիր զարգացումներ են լինում, և հետաքրքիր է խաղալ: Ֆիլմում երկու ոճում եմ հանդես գալիս։ Հեռուստադիտողը սովոր է ինձ տեսնել շիկահեր կերպարում, իսկ այստեղ կտեսնի այլ ոճի մեջ: Ես նոր կերպար ստանձնելիս ոճային փոփոխություններից չեմ վախենում, չեմ վախենում նաև տարբեր կերպարներում խաղալուց՝ լինի դա բացասական, թե դրական: Ցավոք սրտի, Հայաստանում այսպես է՝ եթե մի կերպար խաղում ես, հետագայում միշտ առաջարկում են նման կերպարներ: Բարեբախտաբար, իմ պարագայում միշտ տարբեր կերպարներ են եղել»:

Ֆիլմում Սոֆիայի խաղընկերը Աշոտ Տեր-Մաթևոսյանն է. գույգը նախկինում ևս առիթներ ունեցել է միասին նկարահանվելու. «Ասեմ, որ Աշոտը շատ հաճելի խաղընկեր է, և նրա հետ վաղուց արդեն հաճելի է նկարահանվելը: Նաև մարդկային տեսանկյունից շատ կարևոր է, որ խաղընկերոջդ լավ ճանաչես, լավ հասկանաս, քանի որ միայն տեխնիկապես չես խաղում, նաև զգալով ես խաղում, և կարևոր է, որ խաղընկերդ քեզ փոխադարձ էներգետիկա տա»:

Ի դեպ՝ BlogNews.am-ի հետ զրույցում Սոֆյան խոստովանեց, որ «Միլիոնը թակարդում» հեռուստասերիալում առաջին անգամ է համբույրի տեսարանում նկարահանվել. «Մինչ այս հրաժարվում էի համբույրի տեսարաններում նկարահանվելուց, քանի որ միշտ մտավախություն է եղել, որ կարող է այդ ամենը գեղեցիկ չներկայացվել: Դերասանական իմ ամբողջ կարիերայի ընթացքում նման տեսարան չի եղել: Այս դեպքում քննարկումների արդյունքում հասկացանք, որ այդ տեսարանը չի չարաշահվելու և տեղին է լինելու: Ես չեմ կիսում այն կարծիքը, որ եթե դերասան ես, պետք է նաև ֆիլմում համբուրվես: Դա պետք է շատ արդարացված լինի, այլ ոչ թե արվի զուտ ֆիլմի ռեյթինգի համար»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել