Tert.am-ը գրում է.

Էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանը, անդրադառնալով ռուս-ամերիկյան պատժամիջոցների ֆոնին Հայաստան գազ մատակարարող «Գազպրոմի»  շահույթների հնարավոր կրճատումներին ու մռայլ կանխատեսումներին, որ  Հայաստան «ոչ մի կոպեկ փող չի մտնելու», նկատեց. «Կարծում եմ՝ դա էմոցիոնալ գնահատական է: Ուրիշ բան, որ ստեղծված իրավիճակում զգալիորեն կնվազեն մասնավոր տրանսֆերտները և կսահմանափակվեն որոշ ներդրումային ծրագրեր: Ըստ նրա՝ ԱՄՆ-ն այս առումով վարում է բավականին ագրեսիվ քաղաքականություն, որի նպատակն է մոտակա 5 տարիների ընթացքում դառնալ էներգառեսուրսների առանցքային արտահանող:  

-Հայտնի դարձավ, որ  «Գազպրոմի» շահույթը առաջին կիսամյակում կրճատվել է 11 անգամ։ Ինչպես արդեն վերլուծում  են ոմանք՝  «Գազպրոմի» վիճակն ավելի վատ է լինելու տարվա 2-րդ կեսին և մյուս տարի, որովհետև Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների առաջին հետևանքներն իրենց զգացնել են տալու նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Նման հեռանկարներ տեսնո՞ւմ եք: Մասնավորապես,  հիմնական կանխատեսումն այն է, որ ՌԴ-ից ոչ մի կոպեկ էլ Հայաստան չի գալու, համաձա՞յն եք սրա հետ:

-Կապել «Գազպրոմի» շահույթի կրճատումը հակառուսական պատժամիջոցների հետ միանգամայն սխալ է, քանի որ վերջիններս չեն ենթադրում Ռուսաստանից բնական գազի արտահանման ծավալների սահմանափակում: Պատժամիջոցները սահմանում են, որ ռուսական խողովակաշարային նախագծերում 1 մլն ԱՄՆ դոլարից ավել ներդրում իրականացնող ամերիկյան կամ արտասահմանյան ընկերությունները կարող են ենթարկվել սեկտորալ պատժամիջոցների: Ի դեպ, պատժամիջոցների մասին օրենքի սկզբնական տարբերակում նշվում էր, որ ԱՄՆ նախագահը պետք է կիրառի պատժամիջոցներ նման ներդրումներ իրականացնող ընկերությունների նկատմամբ, սակայն այդ օրենքի վերջնական խմբագրության մեջ արդեն կիրառվում է «կարող է կիրառել»: Պարզ է, որ Սպիտակ Տունը և Կոնգրեսը որոշակի կոնսենսուսի են եկել՝ Թրամփին մանևրելու հնարավորություն թողնելու նպատակով: Իհարկե, ես չեմ հերքում, որ պատժամիջոցները ապագայում չեն անդրադառնա «Գազպրոմի» շահութաբերության վրա, չէ՞ որ դրանց վերջնական նպատակը «Հյուսիսային հոսք-2» գազամուղի համար պատնեշների ստեղծումն է: Հայտնի է, որ այդ՝ մոտ 10 մլրդ եվրո գնահատվող նախագծին մասնակցում են Եվրոպայի առաջատար էներգետիկ ընկերությունները՝ որպես ներդրողներ, իսկ խողովակների մատակարարումը և անցկացումը ապահովում է շվեյցարական Allseas-ը, որի պատվերների առյուծի բաժինը հենց ԱՄՆ-ից է գալիս: Ավելին, հարվածի տակ է հայտնվել նաև «Թուրքական հոսքը», որը «Հյուսիսային հոսք-2» -ի հետ մեկտեղ նպատակ է հետապնդում Ուկրաինան շրջանցելով եվրոպական շուկայում «Գազպրոմի» դիրքերը վերջնականապես ամրապնդելու: Պարզ է, որ ԱՄՆ նպատակը միայն քաղաքական բնույթ չի կրում: Պատժամիջոցներ կիրառելով՝ ԱՄՆ-ն փորձում է Եվրոպայում ռուսական գազի փոխարեն իր թերթաքարային գազն առաջարկել: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն այսօր սկսել է բավականին ագրեսիվ էներգետիկ քաղաքականություն վարել, որի նպատակն է մոտակա 5 տարիների ընթացքում դառնալ էներգառեսուրսների առանցքային արտահանող: Ակնհայտ է, որ սա չի կարող չանդրադառնալ ռուսական էներգետիկ քաղաքականության և առանձին ընկերությունների շահութաբերության վրա: Սակայն այս ամենը միայն հեռանկար է: Իսկ այսօր «Գազպրոմի» արտահանման ծավալները դեռ կայուն են: Հատկապես ձմռան ամիսներին «Գազպրոմը» զգալիորեն ավելացնում է գազի արտահանումը դեպի Եվրոպա: Այդ պատկերը առկա էր նաև 2016-ին, երբ «Գազպրոմը»  դեպի Եվրոպա արտահանման պատմական ռեկորդ արձանագրեց՝  մոտ 180 մլրդ խմ, ինչը եվրոպական սպառման 34 տոկոսն է կազմում: Այս ձմռանը ևս ռուսական ընկերության ցուցանիշները բարձր էին: Բավական է նշել, որ ձմռան ամենացուրտ՝ հունվար-փետրվար ամիսներին Ռուսաստանի՝ գազի արտահանումից գոյացած շահույթը նախորդ տարվա համեմատ աճել էր 24 տոկոսով, ինչը պայմանավորված էր, այդ թվում Գերմանիայում՝ գազով աշխատող ՋԷԿ-երի ակտիվ շահագործմամբ: Ի դեպ, շեշտադրումը հիմնականում դնում եմ եվրոպական շուկայի վրա, քանի որ այն արդեն 40 տարի է, ինչ հանդիսանում է ռուսական բնական գազի հիմնական սպառողը: Հարկ է, սակայն, նշել, որ այսօր Ռուսաստանում արդյունահանվող բնական գազի ինքնարժեքը նվազում է և այն, թերևս, ամենացածրն է աշխարհում, այն կազմում է մոտ 20 դոլար 1000 խմ դիմաց: Եվ այս գործոնը չի կարելի անտեսել: Այնուամենայնիվ, շահույթի կրճատման հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ վերջին շրջանում «Գազպրոմը» նախաձեռնել է մի շարք խոշոր աշխարհաքաղաքական նշանակության ենթակառուցվածքային նախագծեր, որոնք լուրջ ներդրումներ են պահանջում, ինչն անդրադարձավ նաև ընկերության դիրքերի վրա ներքին շուկայում: Արդյունքում այսօր Գազպրոմը զգալիորեն զիջում է «Ռոսնեֆտին», որը, չնայած նույն պատժամիջոցներին, շարունակում է շահույթի և կապիտալիզացման կայուն աճ արձանագրել: Ինչ վերաբերում է նրան, որ այս ֆոնին Ռուսաստանից Հայաստան որևէ կոպեկ չի գալու, ապա կարծում եմ, որ դա էմոցիոնալ գնահատական է: Ուրիշ բան, որ ստեղծված իրավիճակում զգալիորեն կնվազեն մասնավոր տրանսֆերտները և կսահմանափակվեն որոշ ներդրումային ծրագրեր:      

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել