«Մոսկովսկի կոմսոմոլեցի» փոխանցմամբ՝ Մոսկվայում դանակահարության հետևանքով 69-ամյա հայ է մահացել՝ Լյով Քամալյանը։

Դեպքը տեղի է ունեցել «Ռյազանսկի պրոսպեկտ» մետրոյից ոչ հեռու տեղակայված առևտրի կետերի մոտ։ Այնտեղ մոտեցել են 3 երիտասարդներ, ովքեր ականատեսների խոսքով՝ եղել են ոչ սթափ վիճակում։ Այդ ժամանակ ՀՀ քաղաքացին մաքուր օդ շնչելու համար դուրս էր եկել և նստել իր գարեջրի կրպակի առջև։

Ագրեսիվ երիտասարդները դատարկ պատճառով սկսել են վիճաբանել հայի հետ, որից հետո դանակով հարվածել նրա սրտին։ Մահը վրա է հասել ակնթարթորեն։

Հանցագործների երկրորդ զոհն է դարձել կրպակի հաճախորդ, 36-ամյա ղրղըզ Նուրիկ Մունդուզովը։ Նրան նույնպես սպանել են սրտին դանակի հարված հասցնելով։

Հանցագործներին փորձել է բռնել մոտակայքով անցնող 29-ամյա մոտոցիկլիստը, ում, սակայն, վնասվածքներ են հասցրել։ Երիտասարդը, սակայն, հիշում է նրանց դեմքը։

Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին։ Նրանք եղել են զինվորական կոշիկներով։ Ենթադրվում է, որ նրանք եղել են սքինհեդներ, որոնց հատուկ է զինվորական կոշիկներ կրելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել